Գերմանիայի Բունդեսթագը Սինջարի եզդիների 2014 թվականի ցեղասպանությունը ճանաչող նախագիծ է ընդունել: Սա պատմական իրադարձություն է, «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց նիստին Բունդեսթագի կողմից հրավիրված, Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա շեշտում է՝ Բունդեսթագի նիստը իր քաղաքական նշանակությամբ բացառիկ կարևորություն ունի, և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող եզդիները սպասել են այս որոշմանը:
Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ պատգամավոր) - Ամիսներ առաջ, երբ հայկական պատվիրակությունը Գերմանիայում էր, մեր գործընկերների հետ հանդիպման ժամանակ եզդիական հարցի մասին խոսել ենք:
2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները գազանաբար սպանեցին հազարավոր եզդիների: Այդ ոճրագործությունից հետո Իրաքի հյուսիսում բնակվող մոտ 300 հազար եզդիներ դարձան փախստականներ:
Ամենամեծ սփյուռքը հենց Գերմանիայում է, մանրամասնում է Բաքոյանը, շեշտում՝ այս նախագծի իրականացման հարցում հատկապես կարևոր է համարում Գերմանիայի եզդիական համայնքի դերը, ներկայացուցիչները ևս մասնակցել են նիստին:
Ռուստամ Բաքոյան - Մասնավորապես, կարող եմ ասել Հայաստանից Գերմանիա եկած և այստեղ հաստատված եզդիների ազդեցությունն է մեծ եղել:
Այս օրինագծով Գերմանիայի խորհրդարանը պահանջում է դաշնային կառավարությունից աջակցել այս ցեղասպանության քաղաքական և իրավական լուծմանը, ֆինանսավորել Իրաքի Քուրդստանի շրջանից և ամբողջ Իրաքից ապացույցների հավաքմանը և պահպանմանը, աջակցել թրաֆիքինգի զոհ դարձած կանանց, երեխաների և նրանց ընտանիքի անդամների որոնմանը, իսկ 300 000 տեղահանված եզդիներին օգնելու հարցում աջակցել Իրաքի կենտրոնական կառավարությանը և Քուրդստանի տարածաշրջանային կառավարությանը, որպեսզի եզդիները վերադառնան իրենց տները, հատկապես` Սինջարի շրջան։
Այս նախագծի շրջանակում խոսել են նաև Իրաքում եզդիական ինքնավարություն ձևավորելու մասին:
Բաքոյանն ընդգծում է՝ Եզդիների ցեղասպանության` առայսօր շարունակվող միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում իրենց կարևորագույն նշանակությունն ունեն օրենքներն ու բանաձևերը, որոնք իրավական ձևակերպում են տալիս տեղի ունեցած պատմական իրադարձությանը, նաև նպաստում հետագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հեղինակ` Իրինա Մկրտչյան