Գիշերը ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել՝ «Լուրերի» հետ զրույցում նշել է Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Կարինե Բաբայանի խոսքով՝ վաղ առավոտյան Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողն ունեն գիտակցություն, կարողանում են խոսել:
«Կան և՛ խոր այրվածքներ, մակերեսը բավականին է, և՛ շնչուղիների այրվածք, այսինքն՝ ինհալացիոն այրվածք, որը պատճառ է հանդիսացել երկու զինծառայողների՝ վերակենդանացման պալատում գտնվելուն: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Մեկ զինծառայողը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, այնտեղ շարունակում է բուժումը: Ընդունվել է միայն երեք զինծառայող»,- ասել է Կարինե Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ առաջիկա մի քանի օրը հիվանդները դեռ ծանր վիճակում կլինեն, այնուհետև վիճակի կայունացումից հետո կտեղափոխվեն այրվածքային բաժանմունք և այնտեղ կշարունակեն իրենց բուժումները: