Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խաղաղության պայմանագրի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը ասել է, թե չի շտապի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
«Դա երեկ վերահաստատեց նաև ԱԳ նախարարը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանը վերջին առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է արձագանքի: Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները խոչընդոտում են գործընթացին, խոսքը թե՛ Լաչինի միջանցքի փակման, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, թե՛ զորքը շարունակաբար հետ չքաշելու մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող քաղաքական հայտարարությունները ևս խոչընդոտում են»,- ասել է պատգամավորը:
Սարգիս Խանդանյանի խոսքով՝ երեկ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը ևս պատրաստակամություն է հայտնել` որպես միջնորդ նպաստելու խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը: Պատգամավորը հաստատել է. «Մենք մեր ուղենիշներից չենք ընկրկում և շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»:
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանի ջանքերի գնահատմանը վերաբերող հարցին ի պատասխան` խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ բոլորը կկատարեն իրենց պարտավորությունները:
«Հույս ունենք, որ թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը և ստիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ապաշրջափակել ԼՂ-ն և բացել Լաչինի միջանցքը»,- ասել է նա:
Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում որպես երաշխավոր ո՞ր կողմն է ավելի ցանկալի. այս հարցին ի պատասխան` Սարգիս Խանդանյանն ընդգծել է.
«Երաշխիքների մասին խոսելիս պետք չէ մտածել` որևէ երկիր որևէ կերպ երաշխավորելու է իր ֆիզիկական կամ որևէ ներկայությամբ այդ պայմանագրի գոյությունը: Երաշխիք կարող է լինել, օրինակ, զորքերի հետքաշումը և ապառազմականացումը սահմանի երկայնքով և այլն:
Կարևոր է, որ միջնորդը նպաստի, որ այս համաձայնությունները ձեռք բերվեն, և մեր ակնկալիքն է նաև միջնորդներից, որ կարողանան ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը և ձևակերպումը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»:
Նշվել է, որ գործընթացը կատարվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսված գործընթացի տրամաբանությամբ, և հայկական կողմի համար կարևոր է երաշխիքների հատվածը: