ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: Նա նշել է, որ առաջիկա օրերին ակնկալվում է նաև Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնելով նախորդ տարի ԱՄՆ միջնորդությամբ անցկացված հանդիպումների մասին՝ Փրայսը նշել է. «Պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար է: Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Պատրաստ ենք գործակցել գործընկերների, կողմերի կամ ԵԱՀԿ-ի միջոցով, կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»:
Անդրադառնալով դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը՝ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ գերատեսչությունում կան մի շարք անհատներ, որոնք խորապես ներգրավված են գործընթացում, այդ թվում՝ պետքարտուղար Բլինքենը:
«Սա նրա անձնական առաջնահերթությունն է։ Բայց մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերըն Դոնֆրիդը, Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորապես ներգրավված կլինեն դրանում»,- նշել է պաշտոնյան:
Փրայսը նաև հավելել է, որ հանդիպման անցկացումը երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով կորոշեն կողմերը: