Ճագարաբուծությունը Հայաստանում թափ է հավաքում։ 3 տարի առաջ ընդամենը 16 մայրացու ուներ․ հիմա փափկամազերի հստակ թիվը ֆերմայում չգիտի էլ, այնքան արագ են բազմանում՝ կատակում է բյուրականցի Ալեքսանը։
Շատանալու հետ արագ էլ քաշ են հավաքում, մսատու սորտ է։ Վաճառում է և՛ կենդանի վիճակում՝ գյուղացիներին՝ պահելու համար, և՛ որպես միս։
Կերը մի քիչ թանկ է, բայց բիզնեսից դժգոհ չէ, ասում է գյուղատնտեսը, այնպես որ, այս ընթացքում եռակի մեծացրել է ծրագրով ստացած բները։ Այո՛, ճագար բուծելը եկամտաբեր է, ձեռնտու հատկապես այն գյուղերում, որտեղ հողագործությունը դժվարացել է՝ վստահեցնում է բարեգործների աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նախաձեռնությամբ նման ֆերմաներ հիմնող Դավիթ Դավթյանը։
Ֆերմեր Դավիթ Դավթյանը պնդում է՝ 50 հազար գլուխը կարելի է տասնապատիկ ավելացնել, եթե ճագարաբուծության ամբողջ շղթայից հնարավոր դառնա օգուտ ստանալ։ Բիզնեսը կարող է բառացիորեն անթափոն լինել․ երկարականջների գոմաղբից Տավուշում արդեն բիոհումուս են ստանում։
Նախատեսում են մորթուց էլ մինչև 2024-25 թվականը գոնե գլխարկների արտադրություն բացել։ Ամենակարևորը, սակայն, մսի իրացումը ճիշտ կազմակերպելն է՝ արդեն խոհանոցում բացատրում է ֆերմերը։ Քանի որ կերի թանկության պատճառով ճագարը խոզին գրեթե հավասար գին է ունենում, կոնկրետ իրենք նախընտրում են ապրանքը սպառողին առաջարկել կիսաֆաբրիկատ սննդամթերքի տեսքով։
Մեր սպառողը հավի կամ ձկան համեմատ ճագար դեռ շատ քիչ է ուտում, բայց վերջին մեկ-երկու տարում վաճառքի ծավալները սկսել են աճել։ Հիմնական գնորդը, պարզվում է, գուրմաններն են ու երեխաների և հիվանդների համար հեշտ մարսվող միս փնտրողները։
Ճագարաբուծական բիզնեսի ծավալների ընդլայնման, երկրով մեկ տարածելու նպատակով ֆերմերը Կոտայքի մարզում տոհմային համալիր է կառուցում․ կենդանիներին բազմացնելու հետ տեղում նաև ուսումնական կենտրոն կբացեն, որ գյուղացիներին սովորեցնեն փափկամազերից ինչպես փող աշխատել։