2020 թվականին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգություններից հետո այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած 2 անձ հայտնաբերվել և ձերբակալվել են: Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։
Ըստ ԱԱԾ-ի՝ ձերբակալված անձանցից մեկը, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, պատերազմով պայմանավորված ռազմական դրության պայմաններում, համացանցի միջոցով տեղեկանալով, որ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով ժամը 03:00-ի սահմաններում գնացել է կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքվածներին:
Այնուհետ անձը, խախտելով բնակարան հանդիսացող կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, պարսպի վրայով ներս ցատկելով ներխուժել է կեցավայրի տարածք, մտել վարչապետին հատկացված առանձնատուն:
Կեցավայրից դուրս գալուց հետո նա միացել է նաև Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել նրան: Նրա և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետևանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ձերբակալված մյուս անձը մեղադրվում է կառավարության կեցավայրից գողություն կատարելու մեջ: Նա, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, պարսպի վրայով ներս է ցատկել վարչապետի կեցավայրի տարածք, ներս մտած այլ անձանց հետ քայլել է դեպի վարչապետին հատկացված առանձնատուն:
Այնուհետև ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:
Դրանից հետո բացահայտ հափշտակված ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով. դրանցից մեկը 551.000 դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» գրավատանը:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: