ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, մեջբերելով մամուլում հրապարակումները, նշեց, որ ԵՄ-ն Հայաստան է ուղարկելու նոր երկարաժամկետ առաքելություն: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել տեղեկությունը:
«Ուզում եմ հայկական կողմի գնահատանքը հնչեցնել ԵՄ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: Այս առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում:
Ավելորդ է նույնիսկ նշել, որ մենք նոր, լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի Եվրոպական միության կողմից: Տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»,- ասաց Միրզոյանը: