ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը 38-րդ երկիրն է աշխարհում և առաջինը Կովկասում, որը ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում:
«Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների ամենախոցելի թիրախում են գտնվում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»,- ասաց Սիմիդյանը։
Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը ևս ողջունեց Հռչակագրի ստորագրումը՝ նշելով, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ճանաչելու և հաշվի առնելու երեխաների և երիտասարդների կարիքներն ու իրավունքները, ինչպես նաև նրանց տեսլականը, երբ խոսքը վերաբերում է բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:
«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: Երեխաները ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են ավելի ու ավելի շատ երեխաներ և երիտասարդներ միավորվում գործողություններ իրականացնելու կոչերով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից երկու երիտասարդների մասնակցությունը COP27-ին՝ միանալու այդ ջանքերին: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ Կառավարությունը ևս կարևորում է երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Հռչակագրի նպատակներից մեկն է՝ ընդլայնել երեխաների և երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված գործընթացներում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ ավելի շատ կրթելու, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների ձեռքբերման միջոցով արտակարգ իրավիճակներում իրենց պաշտպանելու և ավելի կայուն ապագային նպաստելու համար: