Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:
Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի 30-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում: Մրցաշարի երկրորդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:
Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հաստատված հանձնաժողովի և մրցավարական հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ:
Մրցումները կանցկացվեն` երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ, գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, գործող պրոֆեսիոնալ մարզիկները՝ առանձին խմբով, որոնք չունեն առողջական խնդիրներ:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Առաջին փուլի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.
-
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
-
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
-
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
-
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
-
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները:
Փաստաթղթերը ներկայացնել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներ:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32: Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (094) 05-51-35 հեռախոսահամարով երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ը։