Անվանափոխություն, թափանցիկություն, օրենսդրական փոփոխություն. թափառող կենդանիների ոլորտի խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Դրանց լուծման ուղղությամբ քննարկումը, որը կազմակերվել էր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում, ավելի քան երեք ժամ տևեց: Մինչև այդ, կենդանասերները հնարավորություն ունեցան շրջել ու ծանոթանալ կենտրոնի աշխատանքներին:
Կենդանասերները ամենայն մանրամասնությամբ հետաքրքրվում են պահման պայմաններով: Նույնիսկ կենտրոն տեղափոխված շների մի մասին անուններով գիտեին, մի մասին էլ, իրենց խոսքով, փնտրում, բայց չէին գտնում:
Ռիժիկը հիմա էլ բնակվում է կենտրոնում: Նրան ոչինչ չի պատահել: Հարցերի հարցը լեյշմանիոզի դեպքում արագ թեստավորման արդյունքում կենդանիների քնեցմանն էր վերաբերում: Իսկ արդյոք կարելի է թեստերի արդյունքով կենդանի քնեցնել, այս հարցում կենդանասերների մոտեցումները տարբեր են: Նրանք ցանկանում են նաև, որ կենտրոնի հաշվետվությունները նաև իրենց հասանելի լինեն, այսինքն` հանրային վերահսկողությունը ավելանա: Հարցի լուծումը շատ հեշտ գտնվեց:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Թաքցնելու բան ունենք, պարոն Առաքելյան, բացարձակ, եթե թաքցնելու բան ունենայինք, երբ որ մարդը զանգում, ասում է` էսինչ շունը ուր է, մենք ասում ենք` այդ շանը քնեցրել ենք, եթե թաքցնելու բան չունեք, պարոն Առաքելյան, էն հաշվետվությունը, որը տալիս եք քաղաքապետարանին, ձեր պատասխանատվությունն է, ձևը գտնում եք` ոնց անել, որ մարդիկ իմանան այս հղումով կա ձեր հաշվետվությունը, ֆիքսեցինք սա:
Որ առողջ կենդանուն հիվանդի հետ միասին չպահեն, կենտրոնն առաջարկում է իրենց տարածքում կառուցել փորձնական առանձնացված կացարան: Սակայն կենդանասերների մի մասը դեմ է, որ կացարանը լինի այս կենտրոնի տարածքում: Ինչ վերաբերում է նրանց հնչեցրած «զանգվածային քնեցումներ» մեղադրանք-ձևակերպմանը, կենտրոնի տնօրենն առաջարկում է հետևել իրենց աշխատանքի արդյունքին:
Հարություն Առաքելյան («Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն) - Մասսայական քնեցման մասին երբ խոսում եք, ամեն օր բոլորդ ձեր բակերում տեսնում եք այս կազմակերպության կողմից ստերջացված հարյուրավոր կենդանիներ, ինչ մասսայական քնեցման մասին եք խոսում: Բա ինչի եք կացարան ուզում, որ այդ կենդանիների քանակը սկսենք պակասեցնել, առողջ կենդանիները ապրեն կացարանում, ամբողջ աշխարհում է այդպես, մենք ուզում ենք հարց լուծենք, բայց չենք լուծում:
Կացարաններ ունենալու հարցում թեև որոշ կենդանասերներ ողջունում են գաղափարը, սակայն ունեն իրենց կարծիքը:
Տաթև Քարամյան (կենդանասեր) - Ես ինքս կացարաններին շատ լավ չեմ վերաբերվում, որովհետև ինձ համար կենդանին պետք է ապրի ազատության մեջ, բայց լինում են անելանելի վիճակներ, որտեղ լավագույն լուծումն է կացարանը:
Գեղամ Մխիթարյան (Հայաստանի սպորտային կինոլոգիայի ակադեմիայի նախագահ) - Այստեղ ամենակարևոր հարցերից բարձրացվեցին` և հիվանդությունների հետ կապված, և քնեցման, և կացարանների հետ կապված, և թափանցիկության, չլինի խոչընդոտ, մյուս ամենակարևոր բաներից մեկը, որ լինեն համախմբված` և կազմակերպությունը, և կենդանասերները, որպեսզի հետագա հարցերը պարզ լինեն բոլորի համար:
Շատ հարցեր դեռ լուրջ քննարկման կարիք ունեն, ասում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախ` կենտրոնի անվան մեջ կփոխեն «թափառող կենդանիների վնասազերծման» ձևակերպումը:
Տիգրան Ավինյան - Ունենք բացեր և օրենքում, ունենք խնդիր նոր կացարանների ստեղծման հետ կապված: Որոշակի հարցեր բարձրացվեցին հանրային վերահսկողության վերաբերյալ: Ես վստահ եմ` համակարգային մոտեցման դեպքում Երևանում խնդիրը հնարավոր կլինի լուծել, և ամենակարևորը նաև հասարակության վերաբերմունքն է կենդանիների նկատմամբ: Մենք մի փոքր նաև հանդուրժող պետք է լինենք մեր բարեկամների նկատմամբ:
ՀՈԱԿ-ը կվերանվանվի «կենդանիների խնամքի կենտրոն»: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ ևս մեկ հանդիպում կազմակերպել երեք ամիս անց: