Երեկ երեկոյան Զովունիում պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային ինստիտուտ:
Գազաբալոնների տեխնիկական սպասարկման կետում պայթյունի պահին եղել են 22 և 25-ամյա երկու աշխատողներն ու մեքենայի 33-ամյա վարորդը: Վիրավորներից երկուսի վիճակը միջին ծանրության է, մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Կարինե Բաբայան (Այրվածքաբանության ազգային ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն) - Երեքն էլ գտնվում են շոկային վիճակում՝ այրվածքային շոկ, գնահատելով իրենց վնասվածքները՝ 9 տոկոս, շնչուղիների այրվածք՝ 19 տոկոս մեկի մոտ, մյուսի մոտ՝ 13 տոկոս, և երրորդ վնասված երիտասարդը՝ 20 տոկոս մարմնի ընդհանուր մակերեսը և վնասված 10 շնչուղիները, բաց հատվածները՝ դեմքերը, վերին վերջույթները, ինչ-որ չափով նաև ստորին վերջույթները՝ տեղ-տեղ:
Դեպքի վայրում աշխատել է երկու մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մասնագետները դեպքի վայրն ուսումնասիրել, ականատեսներին լսել, նախնական եզրակացությամբ արձանագրել են՝ աշխատողները հրդեհային անվտանգության կանոնները հաշվի չառնելով փորձել են գազաբալոնը դատարկել վառարանի մեջ:
Արսեն Սարոյան (ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ) - Պարզվել է, որ այնտեղ վառվել է վառարան, և գազաբալոնի դատարկման արդյունքում այն բռնկվել է և անմիջապես տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով տեխսպասարկման այդ տարածքը բավականին մեծ վնասվածքներ է ստացել, փլուզվել են պատերը՝ մոտավորապես 100 քմ մակերեսով, կոտրվել են ապակիները, մոտակայքում կայանված երեք ավտոմեքենա վնասվել է:
Գազաբալոնների տեխնիկական սպասարկման կետի սեփականատերը, մինչդեռ, այլ վարկած ունի: Աշխատողներն իրեն պատմել են, որ կայծը մեքենայից է առաջացել, արդյունքում հեղուկ գազաբալոնը սկսել է վառվել, հետո պայթյուն է որոտացել: Կրակմարիչներով փորձել են հնարավոր հրդեհի բռնկումը կանխել, որ տարածքում կայանած մեքենաները չայրվեն:
Համլետ Հովհաննիսյան (սեփականատեր) - Ի սկզբանե ինձ թվաց, թե վառարանից ա եղել, բայց հետո պարզվեց, որ վառարանը չի վառվել, նույնիսկ վառարանը չվառվելու պատճառով ցուրտ ա եղել, տղաս գնացել ա: Չգիտեմ, չեմ կարող վստահ ասել, բայց ինձ թվում ա, որ կրակի օջախը մեքենայի լարերի մեջ ա եղել:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Լուրերին» տեղեկացրին՝ «Դոկտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թվականին անցել է ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն և ստացել շահագործման դրական եզրակացություն: Դեպքի հանգամանքները պարզելու համար տարածքում աշխատում են Քննչական կոմիտեի քննիչները: Նշանակվել են դատաբժշկական, դատահրդեհատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և այլ բնույթի համալիր փորձաքննություններ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հոդվածով: