Ի՞նչ փոփոխություններով, ձեռքբերումներով և խնդիրներով են մարզային բուժհաստատությունները մտել 2023 թվական. առողջապահության նախարարի այս տարվա մարզային այցելությունների առաջին կանգառը Գավառի բժշկական կենտրոնն է:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ես վերջին անգամ մեկուկես տարի առաջ եմ երևի եղել այստեղ, և ակնհայտ են փոփոխությունները: Մենք տեսնում ենք, որ ԲԿ-ն նոր շունչ է ստացել, համալրվել է նոր սարքավորումներով և, ամենակարևորը՝ նոր մասնագետներով: Եվ մենք տեսնում ենք, որ երիտասարդ մասնագետները տեղ են գտնում մարզային բժշկական կենտրոններում:
Մարզային բուժհաստատությունները նոր կադրերով համալրելը գլխավոր և ամենաբարդ լուծելի խնդիրներից է՝ ասում է Ավանեսյանը: Վստահ է՝ նոր մասնագետների ներգրավմամբ մատուցվող բուժծառայությունները բնակչության համար կդառնան ավելի հասանելի:
Անահիտ Ավանեսյան - Պիտի հասկանանք՝ ոնց ենք ապահովելու սերնդափոխություն, ոնց ենք ապահովելու նոր ուղղությունների մասնագիտությունների էստեղ ներառումը: Սա բարդ խնդիր է, որը քայլ-քայլ պետք է փորձենք լուծել:
Այս տարի առանձնակի ուշադրություն է դարձվելու պոլիկլինիկական ծառայությունների որակի բարձրացմանը՝ շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցով: Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում այս տարի կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն պոլիկլինիկաներ:
Կարեն Սարգսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Երեք պոլիկլինիկա ենք կառուցելու՝ Գավառ խոշորացված համայնքի Լճափ բնակավայրում, Ճամբարակ խոշորացված համայնքի Դպրաբակ բնակավայրում և Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրում: Նաև հստակեցվեցին Վարդենիսի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները, որ այս տարի կսկսենք իրականացնել, ինչը հնարավորություն է տալիս, որ մարզում մեր ազգաբնակչությանը պատշաճ բժշկական ծառայություն մատուցվի:
Անահիտ Ավանեսյանն այցելեց նաև Մարտունիում կառուցվող հիվանդանոցի շինհրապարակ, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Ավանեսյանը կարևորեց շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու հարցը:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան