Նախորդ տարի Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Հայաստանից, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019 թվականին Վրաստանի վարչապետն այցելել էր Հայաստան, մեր հանդիպմանը հաջորդած բրիֆինգի ժամանակ հայտարարեցինք, որ խնդիր ենք դնում, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնենք 1 միլիարդ դոլարի: Հիմա արդեն մենք հաստատ շատ մոտեցել ենք կամ հատել ենք:
Հիմա մենք ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա: Քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված: Պետք է այնպես անել, որ այդ հարաբերություններն ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով»,- ասաց Փաշինյանը:
Շարունակելով հայ-վրացական հարաբերությունների թեման՝ Փաշինյանը նշեց, որ հիմա քննարկվում է Հայաստանում վրացերենի, Վրաստանում էլ հայերենի ուսուցման որակի բարելավման թեման:
Վարչապետն իր խոսքում հիշեցրեց նաև, որ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: