ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ, Ֆրանսիան կրկին կոչ արեց անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները: Այս մասին հայտնել են ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, նաև պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու այդ հարցում՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով»,- նշված է ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: