ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները այցելել են Կիև` վերահաստատելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանությանը՝ նշված է պետքարտուղարության և Պենտագոնի հաղորդագրություններում:
Պաշտոնյաները հանդիպում են ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել երկրի տնտեսության կայունացման գործում ամերիկյան և միջազգային օգնությունը, ԱՄՆ-Ուկրաինա առևտրային և ներդրումային գործընկերության հեռանկարները երկրի վերականգնման համատեքստում:
«Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ քննարկելու դիվանագիտական ջանքերը և անվտանգության ոլորտում օգնությունը՝ Ուկրաինայի անվտանգային կարողությունների ամրապնդման համար: Փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովի և «ՈւկրԷներգո»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուդրիցկու հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերանորոգման և պահպանման արտակարգ միջոցառումները՝ չնայած կրիտիկական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի դաժան, շարունակական հարձակումներին»,- նշված է Պենտագոնի հաղորդագրության մեջ: