Պետբյուջեից մոտ 117 մլրդ դրամ՝ 2023-ին Հայաստանի ճանապարհային ցանցը բարելավելու համար. այդ թվում 45 միլիարդ կհատկացվի պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար։ Այս պահին մշակված է մոտ 950 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագիծ։
Գոռ Ավետիսյան (ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Դրանից շուրջ 428-ն արդեն իսկ կնքված պայմանագրեր են, և առաջիկայում շուրջ 50-60 կմ շինարարության մրցույթներ կհայտարարենք և կունենանք շուրջ 500 կմ-ի պայմանագիր: Եթե մեր կապալառուները հնարավորություն ունենան իրենց ստանձնած պայմանագրի համաձայն իրականացնել իրենց աշխատանքները, ապա պետությունը, կարծում եմ, լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի, և ամբողջությամբ մենք 500 կմ կիրականացնենք:
Տարին կարևոր է նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման տեսանկյունից։ Այս տարի ավարտական տեսք կունենան Լանջիկ-Գյումրի հատվածի երթևեկելի բոլոր 4 գոտիները։ Հարավում՝ Տրանշ-4-ում, Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար հայտարարվել է միջազգային բաց մրցույթի նախաորակավորման փուլը։ Քաջարանում նախատեսվող թունելի նախագիծն արդեն կա, որն անցել է համալիր փորձաքննություն։
Գոռ Ավետիսյան - Այժմ դիտարկում ենք ֆինանսավորման աղբյուրները և շինարարության մրցութային գործընթաց կիրականացնենք, իսկ ամենահարավում՝ Քաջարանի թունելից դեպի Ագարակի հատվածում, շուրջ 32 կմ-ի հատվածի շինարարության մրցույթն արդեն կայացել է, ունենք մասնակիցներ, այժմ իսկ ամփոփման փուլում է: Կարծում եմ՝ այդ հատվածում մենք այս տարի շինարարությունը կմեկնարկենք, փաստացի Հյուսիս-հարավն ամենահարավից արդեն կսկսենք կառուցել:
Ըստ Գոռ Ավետիսյանի՝ շուրջ տասը տարի Արտաշատից Սիսիան ձգվող հատվածում հիմնանորոգման աշխատանքներ չէին իրականացվել։ Չորս տարի է՝ ճանապարհը հատված-հատված նորոգում են, մինչև տարեվերջ աշխատանքի 90 տոկոսը կավարտեն՝ հավաստիացնում է ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը: Ըստ ոլորտի պատասխանատուի՝ 2023 թ. կսկսեն նաև Հյուսիս-հարավի՝ Աշտարակից Թալին ճանապարհահատվածի շինարարությունը։
Գոռ Ավետիսյան - Աշտարակ-Թալին հատվածում երկու կտոր ունենք. 8 կմ Ագարակի հնագիտական հատվածը շրջանցողը և Աշտարակ-Թալին 34 կմ հատվածը: Ագարակ հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է, շինարարի հետ ունենք պայմանագիր, շուտով, կարծում եմ, շինարարության մեկնարկը կտանք, և շինարարությունը կմեկնարկի այդ հատվածում, իսկ 34 կմ-ում շինարարական մրցույթն արդեն հայտարարվել է, ունենք առաջարկություններ:
Գոռ Ավետիսյանի խոսքով՝ պետբյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին մասնակցող որոշ տեղական ընկերություններ ամբողջությամբ չեն իրականացնում իրենց պարտավորությունները։ 2022-ին շինարարությունը ժամանակին չավարտված բազմաթիվ ընկերություններ տույժ-տուգանքներ են կրել։ Որպեսզի շինարարներն ավելի զգոն լինեն, պատասխանատու գերատեսչությունն այս տարի նախատեսում է բարձրացնել տույժերի սահմանաչափը։
Շուրջ 950 կմ ճանապարհաշինարարական նախագծերից 330-ը միջպետական, 344-ը՝ հանրապետական, իսկ 280-ը տեղական նշանակության են: Ամենամեծ շինարարական ծրագրերն իրականացվելու են Սյունիքում: