«Զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնները խախտելու հետևանքով Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ». հրամանատարը գնդապետ Սևակ Աբրահամյանն է. ըստ մեղադրանքի՝ 44-օրյա պատերազմի նախօրեին նա հացկերույթ է կազմակերպել՝ անտեսելով հակառակորդի շարժը դեպի առաջնագիծ: Ընդ որում՝ կուտակումների վերաբերյալ տեղեկությունները սեպտեմբերի 23-ից են հայտնի դարձել:
Անդրեյ Բաբայան (Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ) - Պաշտպանական շրջանի հրամանատարը, հրամանատարական կետում գտնվելու և այնտեղից իր ենթակա ստորաբաժանումները ղեկավարելու, ինչպես նաև հակառակորդի կողմում շարժերի և կուտակումների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ վերլուծելու փոխարեն, սեպտեմբերի 26-ին կազմակերպել և անցկացրել է խնջույք, որին հրավիրել է շուրջ 100 սպաների՝ զորամասի սպայական կազմի մեծ մասին:
Հրավիրյալների թվում, քննիչի խոսքով, նաև մարտական հերթապահությունում գտնվող ենթակա ստորաբաժանումների հրամանատարներն են եղել, իսկ այլ զորամասերից սպաների մի մասն էլ մերժել են հրավերը: Հացկերույթի ժամանակ անգամ ենթակաները գնդապետին զեկուցել են իրավիճակը:
Անդրեյ Բաբայան - Մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 07-ի սահմանները, Թալիշ և Մատաղիս ուղղություններից յուրաքանչյուր կողմից ստացել է 10 և ավելի զեկույցներ հակառակորդի կողմից աննախադեպ շարժերի, զրահատեխնիկաների ու կուտակումների վերաբերյալ, որոնք նույնպես պաշտպանական շրջանի հրամանատարը թողել է անհետևանք:
Այնինչ, ըստ քննիչի, գնդապետը ի պաշտոնե պարտավոր էր անցնել պաշտպանության, համալրել մարտական դիրքերը և կանխել հակառակորդի հարձակումը:
Անդրեյ Բաբայան - Արդեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07-ի սահմաններում, հակառակորդը անցել է լայնածավալ հարձակման՝ կիրառելով հրետանային և այլ միջոցներ, առաջին իսկ ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական շրջանի այն հատվածները, որտեղ համալրված չի եղել անձնակազմով` այդտեղից ունենալով հաջողություններ, կարողացել է խորանալ դեպի թիկունք և տիրապետության տակ վերցրել նաև այլ մարտական դիրքեր և բարձունքներ, որոնք ունեցել են ռազմավարական կարևոր նշանակություն:
Այս պայմաններում մարտական դիրքերում հերթապահություն իրականացնող անձնակազմը, չստանալով համալրում, զրկվել է հակառակորդին պատշաճ դիմագրավելու հնարավորությունից, հակառակորդը շրջանցել է յուրային մարտական դիրքերը և ստացել ռազմական գերազանցություն:
Անդրեյ Բաբայան - Պաշտպանական շրջանի հրամանատարի գործողությունների հետևանքով յուրային զորքերն ունեցել են մեծ քանակությամբ զոհեր, վիրավորներ և արդյունքում, ինչպես նշեցի, Մատաղիս և Թալիշ գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Գնդապետը, որը մեղադրվում է մարտական հերթապահության կրման կանոնները խախտելու համար, չի ընդունում մեղքը, նա ցուցմունք է տվել, ներկայացրել հակափաստարկներ, որոնք, սակայն, քննիչի խոսքով՝ հերքվել են առերեսումներով ու վկաների ցուցմունքներով, տեսագրությունների զննությունով:
Պաշտպանական կողմը չցանկացավ պատասխանել «Լուրեր»-ի՝ մեղադրանքի վերաբերյալ հարցերին: Գործն ուղարկվել է դատարան: 2022 թվականի ընթացքում հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը բարձրաստիճան 13 սպաների վերաբերյալ քրեական գործ է ուղարկել դատարան:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան