Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, ինչի հետևանքով 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը: Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարության մեջ:
«Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին՝ ուզում եմ ընդգծել, որ այս հարցում Հայաստանի և Արցախի խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:
Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:
Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»,- նշված է հայտարարությունում: