ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ.Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա.Մ.-ին տվել է 250 000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն վերադարձվել է ՀՀ՝ ոչնչացման նպատակով:
Սակայն ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած՝ ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել:
Դրանից հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ին, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ.Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր պիտանելիության ժամկետը լրացած 302 000 հատ ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Հ.-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Այնուհետև Ա.Մ.-ն կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերը նշված ակտը դրել է պաշտոնական շրջանառության մեջ և ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
Ոչնչացման գործընթացը սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է ՀՀ շուկայում:
26.12.2022 թ. ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա.Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով, 46‑436‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով, Գ.Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով և Ռ.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով (երկու դրվագ) և 46-445‑րդ հոդվածի 1‑ին մասով:
Ռ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են ՀՀ-ից բացակայելն արգելելը և պաշտոնավարումը կասեցնելը:
Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան: