Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։
Ռիյգիկոգուի նախագահն անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։
Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։