Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան), 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ:
Հ.Բ.-ն նաև թաքցրել է հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր ներկայացրած հայտարարագրերում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հ.Բ.-ի կողմից առերևույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի (ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում:
Դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի (Ապօրինի հարստանալը) 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) 2-րդ մասով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), որոնք համապատասխանում են գործող քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասին և 444-րդ հոդվածի 2-րդ մասին, նախաքննություն իրականացնող մարմինը նախաձեռնել է քրեական վարույթ: