ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելմանը, բայց չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել դրանք Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ. Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարեց Հայաստանի գլխավոր դիվանագետը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց հակամարտությունների կարգավորման ժամանակ ուժի կիրառման անպատժելիության: Միրզոյանը շետեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար, սակայն Բաքուն բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, գրավեց ևս երկու գյուղ և հայ զինծառայողներ գերեվարեց։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ»:
ԼՂ-ՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՕՐԵՑՕՐ ՍՐՎՈՒՄ Է. ՄԻՐԶՈՅԱՆ
Այսքանով Ադրբեջանի գործողությունները չսահմանափակվեցին: Այսօր արդեն Լաչինի միջանցքի շրջափակմամբ է Բաքուն հումանիտար ճգնաժամ ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ, շարունակեց Միրզոյանը, մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի իշխանության կողմից ուղղորդվող այսպես կոչված «էկոակտիվիստների» շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները:
Արարատ Միրզոյան - Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով հայերի էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մի մաս, Բաքուն նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները, Ադրբեջանի անթաքույց նպատակները միջազգային կառույցին ներկայացրեց Հայաստանի արտգործնախարարը, որպես խոսքերի ապացույց հիշեցրեց Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ Ալիևն առաջարկել էր արտաքսել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։
Արարատ Միրզոյան - Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։
ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԱՐՏԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ. ՄԻՐԶՈՅԱՆ
Նախարար Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղությամբ բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն ու խաղաղության համաձայնագիրը։ Մինչդեռ Բաքուն սկսեց առաջ քաշել Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցքի չհիմնավորված պահանջ: Միրզոյանը հիշեցրեց Իլհամ Ալիևի վերջին ելույթներից մեկից ևս մեկ հայտարարություն, որտեղ Ադրբեջանի ղեկավարը խոստովանել էր, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն՝ անկախ Հայաստանի ցանկությունից:
Արարատ Միրզոյան - Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում, և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է արագ կայացվել, երբ Ադրբեջանն ընդունի՝ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՀ ՆԿԱՏՄԱՄԲ
Առանց սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների, Միրզոյանի խոսքով, անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:
Արարատ Միրզոյան - Սեպտեմբերյան ագրեսիան, Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի տարածքային անհեթեթ պահանջները Հայաստանի նկատմամբ։
Այս գործընթացներին զուգահեռ, նշեց Հայաստանի արտգործնախարարը, պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով Ադրբեջանի առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու մասին, հայկական կողմը հնարավոր է համարել ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ, պարզաբանեց Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու հեռանկարի համար: Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պատասխանատվություն ունենալ, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռ տեղի չի ունեցել: Ամփոփելով` Հայաստանի արտգործնախարարը նշեց՝ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու հարցում: