Գյուղի գլխավոր ճանապարհից կառույցը երևում է՝ ինչպես ափի մեջ; Հեռվից թե մոտիկից՝ գանձաքարցիները հետաքրքրությամբ հետևում են շինարարության ընթացքին; Իջևան համայնքի Գանձաքար գյուղում նոր դպրոց է կառուցվում՝ նախկին շենքի տեղում, բայց բոլոր չափանիշներով նրան գերազանցող, նախ՝ ծավալով:
Արթուր Հակոբյան (աշխղեկ) - Նախորդ քանդած դպրոցից մի քանի անգամ ավելի մեծ մակերեսային հնարավորություններ ունի, 3 մեծ մասնաշենք ունի, եռահարկ, 2 դահլիճ ունի՝ մարզական և հանդիսությունների, մասնաշենքերը բավականին մեծ են, կառուցապատման մակերեսը մոտ 3 հազար 600 ք․ մ․, իսկ ընդհանուր հարկերը որ գումարենք, բավական մեծ դպրոց է:
Շինարարությունը մեկնարկել է 2021-ին՝ Ասիական զարգացման բանկի և Կառավարության համաֆինանսավորմամբ: Չնայած անհարմարություններին, այս ընթացքում դպրոցի ուսումնական գործընթացը չի տուժել, 464 աշակերտից ոչ մեկը չի գնացել Իջևան՝ ուսումը շարունակելու, ասում է տնօրենը․
Անուշ Մեհրաբյան (Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Բոլորը մնացել են գյուղում, հարմարվել այս պայմանների հետ՝ ապագայի լավ դպրոց ունենալու մտապատկերով: Ամբողջ համայնքը անհամբերությամբ սպասում է դպրոցի շինարարության ավարտին;
Գործի մոտ մեկ քառորդը արված է; Ցուրտը խոչընդոտ չէ՝ ասում են շինարարները; Գանձաքարցի Գեղամ Յարիբեկյանի 3 երեխայից 2-ը ավարտել են նախկին դպրոցը, իսկ փոքրը դեռ կհասցնի սովորել նոր ու ավելի լավ շենքում, ինքն էլ քարը քարին դնելով՝ ջանում է մոտեցնել այդ օրը:․
Գեղամ Յարիբեկյան (Իջևան համայնքի Գանձաքար գյուղի բնակիչ) - Հիմա տղաս է, 6-րդ դասարանում է սովորում, ինքն էլ է հետս գալիս կիրակի օրերը, օգնում: Շատ երեխաներ կան, գալիս են օգնում, անհամբեր սպասում են շինարարության ավարտին:
Իսկ 480 աշակերտի համար նախատեսված դպրոցը այս տեսքը կստանա, ըստ շինարարների, մինչև տարեվերջ;
Հեղինակ՝ Գայանե Թամամյան