Հանդիպում նախագահի, վարչապետի, հայ համայնքի հետ. Հայաստանի նախագահը եռօրյա աշխատանքային այցով Էստոնիայում է: Նախագահներ Վահագն Խաչատուրյանն ու Ալար Կարիսը նախ առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել: Ըստ Էստոնիայի առաջնորդի՝ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։
«Էստոնիայում կա թեկուզ փոքր, բայց շատ ակտիվ հայկական համայնք»,- ասել է Ալար Կարիսը, շեշտել՝ հայերն Էստոնիայի օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ են:
Վահագն Խաչատուրյանն ու Ալար Կարիսը հանդես են եկել նաև մամուլի համար համատեղ հայտարարություններով, ընդգծել հայ-էստոնական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը։
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԼԱՉԻՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Պատասխանելով անցած տարվա սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ լրագրողի հարցին՝ Խաչատուրյանը նշել է.
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Եվ սա այն դեպքն էր, երբ որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային, բացի դրանից, մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն եղել մինչև հիմա: Իհարկե, ճշմարտության համար պետք է նշել, որ Ռուսաստանն էլ մասնակցեց պատերազմի դադարեցմանը, բանակցություններին, բայց որին մասնակցել են և ԱՄՆ պետքարտուղար պարոն Բլինքենը, Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնը, Միշելը, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին, որ միջամտեցին:
Հարց է հնչել նաև Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին: Նախագահը նշել է, որ նրանք իրենց պարտականությունները մինչև Լաչինի շրջափակումը կատարել են, նաև հիշեցրել՝ դեկտեմբերի 12-ից ճանապարհը փակ է, և Հայաստանի պահանջը ռուսական կողմից է, որը փորձում է խնդիրը բանակցություններով լուծել:
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ Խաչատուրյանն ընդգծել է՝ խանութներում վաճառելու բան չկա, որոշ մթերքներ պահուստային միջոցներից կտրոնով են տրվում: Արցախում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները:
Վահագն Խաչատուրյան - Որպեսզի դուք պատկերացնեք` ինչ հետևանքներ կարող է առաջացնել, այդ ճանապարհով ամեն օր 350-400 մեքենա է անցել, որը տեղափոխել է ԼՂ ազգաբնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ ամեն ինչ՝ սննդամթերք, շինանյութեր: Այս 40 օրվա ընթացքում 400 մեքենա է անցել, որոնք հումանիտար նպատակներով են տեղափոխություն իրականացրել:
Հայաստանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։
Ալար Կարիսը վստահեցրել է՝ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:
ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ ՀՀ-ԷՍՏՈՆԻԱ ՍԵՐՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահը Տալլինում հանդիպել է նաև Էստոնիայի վարչապետ հետ: Վահագն Խաչատուրյանն ու Կայա Կալասը բարձր են գնահատել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ գործակցությունը: Քննարկվել է բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը:
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ավելի վաղ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կարևորելով Էստոնիայի հետ Հայաստանի հարաբերությունները՝ նախագահն ընդգծել է՝ երկու երկրների միջև արտաքին առևտուրը հասնում է մոտ երեք միլիոն դոլարի: Այն, ըստ նախագահի, դեռ զարգացնելու տեղ կա:
Վահագն Խաչատուրյան - Մի քանի բնագավառ կա, որոնցում հետագա համագործակցության հեռանկար ենք տեսնում. դա և՛ տիեզերագնացությունն է, և՛ սահմանային անվտանգությունն է, և՛ կիբեռանվտանգությունն է, որովհետև Էստոնիան մի փորձություն է անցել, և տեղյակ եղեք, որ մենք, որպես կառավարություն կամ որպես իշխանություն, պետություն, տեղում նստած չենք, առաջադեմ մեթոդների կողմնակից ենք:
Անդրադառնալով մեր երկրի որդեգրած արժեքներին` նախագահն ընդգծել է՝ Կովկասում Հայաստանն ընդունում են ամենաժողովրդավար երկիր: Խաչատուրյանի խոսքով՝ դա հնարավոր է եղել վերջին տարիների բարեփոխումների, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման շնորհիվ:
Վահագն Խաչատուրյան - Ընտրությունները, ընտրություններով ձևավորած իշխանությունը անձեռնմխելի կամ միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք երկիրը առաջ տանել: Ներքին քաղաքական իրավիճակը բավականին հանգիստ է, ցնցումներ չկան, առճակատումներ չկան, պառլամենտում որոշակի խնդիրներ կան, բայց պառլամենտն էդպիսին է, պառլամենտում պետք է միշտ քաղաքական խնդիրներ լինեն, եթե պառլամենտում քաղաքական խնդիրներ չեն լինում, ուրեմն պառլամենտ չկա: Դա էլ է քաղաքականություն ժողովրդավարական երկրում:
Հայաստանի նախագահը Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական կառույցների միջև արդյունավետ ու սերտ գործակցության զարգացման հնարավորությունները: