ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԿԻԵՎԻՆ ՀԵՏԱԳԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները այցելել են Կիև՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանությանը՝ նշված է պետքարտուղարության և Պենտագոնի հաղորդագրություններում: Պաշտոնյաները հանդիպում են ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել երկրի տնտեսության կայունացման գործում ամերիկյան և միջազգային օգնությունը, ԱՄՆ-Ուկրաինա առևտրային և ներդրումային գործընկերության հեռանկարները երկրի վերականգնման համատեքստում:
«Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ քննարկելու դիվանագիտական ջանքերը և անվտանգության ոլորտում օգնությունը՝ Ուկրաինայի անվտանգային կարողությունների ամրապնդման համար: Փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովի և «ՈւկրԷներգո»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուդրիցկու հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնման և պահպանման արտակարգ միջոցառումները՝ չնայած կրիտիկական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի շարունակական հարձակումներին»,- նշված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
ԱԼԵՔՍԻ ԱՐԵՍՏՈՎԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հայտարարել է հրաժարականի մասին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Դնեպրում շենքի վրա ՌԴ ԶՈՒ արձակած հրթիռը կարող էր ընկնել Ուկրաինայի ՀՕՊ աշխատանքի հետևանքով: Նրա խոսքով՝ հրաժարականի դիմում ներկայացնելը քաղաքակիրթ վարքի օրինակ է: «Եթե թույլ ես տվել սկզբունքային սխալ, պետք է հրաժարական տաս»,- նշել է նա:
ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՌԴ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ԿԳՑԵՆ. ԼԱՅԵՆ
Եվրահանձնաժողովը հուսով է, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Մենք ամենախիստ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք երկրի տնտեսությունը տասնամյակներ շարունակ ճգնաժամի մեջ կպահեն, և նրա արդյունաբերությունը կզրկեն ժամանակակից և կրիտիկական տեխնոլոգիաներից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը փոխարինել է ռուսական գազի խողովակաշարով մատակարարման 80%-ը: