ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն ավելի քան 30 օր, ինչն առաջացրել է Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս:
«Այս փաստերն անվիճելի են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնելու անխափան տարանցումը՝ պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երաշխիքներ: Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն նպատակով երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար»,- ասել է Քարփենթերը։
Նա շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և կոչ է արել Ադրբեջանին ապահովել Արցախի բնակչության անհատական իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ հարգանքը: Նրա խոսքով՝ «ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»:
«Ես նաև ակնկալում եմ Լեհաստանի նախագահի Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ կարող են աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա՝ խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայն գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսելու բովանդակալից բանակցություններ վեճերը լուծելու համար։ Քարփենթերը կարծիք է հայտնել, որ համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ «հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա»։
«Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ հետաքննելու ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է համագործակցել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգությունը բարելավելու համար:
«ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման»,- եզրափակել է Քարփենթերը: