«Տեսեք, թե ինչ տեսա», «Տեսանյութում դու ես»՝ շատերն են սոցիալական ցանցերով ստացել այս հաղորդագրությունը: Հղումը բացելիս Ֆեյսբուքի գաղտնաբառ է պահանջվում, որից հետո օգտահաշիվը կա՛մ արգելափակվում է, կա՛մ օգտատիրոջ անունից տվյալ տեսանյութն ուղարկվում է նրա ընկերներին:
Արթուր Պապյան (CyberHUB-ի համահիմնադիր, մեդիափորձագետ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն) - Կոնկրետ էս վիրուսը տարածվում է «Տիկ-տոկ» հասցեով, բայց եթե ուշադրություն դարձնեք, հետո էնտեղ snap.click՝ էսպիսի ինչ-որ տարօրինակ հասցեներ են տարածվում, և խնդիրն այն է, որ հարձակվողները միշտ նոր մոտեցումներ են որդեգրում, օգտվում են նրանից, որ մարդիկ հիմա սովոր են «Տիկ-տոկ»-ները տարածել Ֆեյսբուքով, մեսենջերով, դրան նման հասցե են գեներացրել: Հիմա եթե վաղը սա փակվի, կամ մարդիկ սա սովորեն, վաղը կարող է հայտնվի, չգիտեմ՝ որևէ բանկի հասցեով, Ինսթագրամի հասցեով:
Մեդիափորձագետն ասում է՝ կիբեռհանցագործները սկսում են գործել հղումը բացելուց հետո, օրինակ՝ շահագրգռելով ներբեռնել որևէ վնասակար հավելված:
Արթուր Պապյան - Կարող է շահագրգռեն, ասեն՝ շահում է, կարող է ասեն` վա՜յ, ձեր գաղտնաբառը գողացել են, սեղմեք էստեղ, որ հաստատեք, որ չգողանան, կարող է ասեն, որ ձեր օգտահաշվով 500 դոլարի գործարք է կատարվել, մտեք արագ, որ չեղյալ հայտարարեք, այսինքն՝ ձեզ դնում են էմոցիոնալ մի վիճակի մեջ, երբ որ դուք հուսահատվեք՝ ո՞նց, իմ 500 դոլարը, ասենք, կամ` վա՜յ, օգտահաշիվս տարան, շուտ, այսինքն՝ ուղեղը անջատվում է, դուք փորձում եք գործողությունների դիմել:
Անվտանգությունն ապահովելու համար պետք է համոզվել, որ սոցիալական կայքերում, որտեղ գրանցված եք, երկգործոն անվտանգություն է միացված, որ եթե նույնիսկ օգտահաշիվը արգելափակվի, հնարավորություն լինի երկրորդ գործոնով, օրինակ՝ նամակի միջոցով կամ հատուկ հավելվածի միջոցով կոդ գեներացնել, վերականգնել օգտահաշիվը:
Արթուր Պապյան - Հեռախոսները շատ հաճախ թարմացված չեն, և հանցագործները շահագործում են հեռախոսի մեջ եղած խոցելիությունները: Այդ անվտանգության թարմացումները, որոնք անընդհատ գալիս են հեռախոսի վրա, հենց այնպես չեն արվում, դրանք ձեզ հետ են պահելու բազմաթիվ անախորժություններից: Եթե ուղղակի ընկերներին վիրուս են ուղարկում, դա չարյաց փոքրագույնը կարող է լինել, ավելի վատ է, երբ որ սկսվում է տվյալների էքսֆիլտրացիա, ձեր հեռախոսից տվյալներ են տանում: Դուք այնտեղ ունեք անձնագրային ֆոտոներ, որ ինչ-որ մեկին ուղարկել էիք, դուք այնտեղ ունեք ձեր կրեդիտ քարտային հաշիվներ, բանկային օգտահաշիվներ:
Իսկ եթե հեռախոսը հին է, և այլևս թարմացումներ չեն տեղադրվում, փորձագետն առաջարկում է դրա մեջ չպահել կարևոր տեղեկություններ, բանկային հավելվածներ, որովհետև այս դեպքում, հղումը բացելով, կարող են սարքից արտահանել տվյալներ:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան