4-5 օր, ու պարեկային սև ու սպիտակ մեքենաները ծառայության կանցնեն Հայաստանի ևս 4 մարզում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Արագածոտնում: Շուրջ 600 նոր ծառայող 5-ամսյա դասընթացը, քննական շրջանը ավարտել, սցենարային և գործնական վերապատրաստումն անցել ու իրենց համար նոր բնակավայրում սպասում են աշխատանքային առաջին օրվան:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Հատկապես այս 4 մարզի դեպքում, վերլուծելով Երևանի և Լոռու ու Շիրակի մարզերի առկա պրակտիկան, որոշակի փոփոխություններ մտցրինք նաև ուսումնական պրոցեսում, որոշ դասաժամերի փոփոխության հետ կապված հարցեր բարձրացրինք ու նաև դասախոսական առումով մեթոդաբանության առումով փոփոխություններ ևս ունեցանք:
Մոտիվացիան ու մասնակցությունը այս 4 մարզի պարագայում բարձր է եղել՝ փաստում է պարեկային ծառայության պետը և վստահեցնում՝ կարճ ժամանակ անց այս մարզերի բնակիչները կտեսնեն որակյալ ծառայություն և ոստիկան-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ:
Յուրաքանչյուր քաղաք ու գյուղ առանձնահատուկ դիրքորոշում ու վերաբերմունք է պահանջում՝ ասում է գնդապետ Արթուր Ումրշատյանը:
Արթուր Ումրշատյան (Պարեկային ծառայության պետ) - Մենք ուսումնասիրում ենք, թե, օրինակ, հանցագործությունների ինչ տեսակներ են, որ տարածքներում են ավելի տարածված: Մենք նայում ենք ահազանգերը, թե դրանք ինչ բնույթի են, և դրանց հետ կապված` ծառայության առջև տարբեր տեղերում տարբեր խնդիրներ ենք առաջադրում:
Նախարարի ցուցումով` պարեկին ծառայության չեն ուղարկում իր բնակավայր:
Արթուր Ումրշատյան - Մենք հաշվի ենք առել նաև միջպետական ճանապարհների առկայությունը, հաշվի ենք առել գյուղական բնակավայրերը, որովհետև պարեկային ծառայությունը նաև գյուղական բնակավայրերում է մուտք գործելու, նաև գյուղական բնակչությանն է ծառայություն մատուցելու:
Դեկտեմբերի 12-ից մեկնարկել է պարեկային ծառայության ընդունելության դիմումներ ներկայացնելու գործընթացը՝ մնացած մարզերի՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի համար: 488 հաստիք կստեղծեն այս մարզերի համար, 146-ը նախատեսել են կին պարեկների համար: Այս պահի դրությամբ արդեն մոտ 700 դիմում է ներկայացվել:
Արփինե Սարգսյան - Պետական կրթական չափորոշիչն ենք մենք փոփոխելու այս 4 մարզերի համար, որը հենված է արդեն ոչ միայն Երևանի և Լոռու, Շիրակի մարզերի, այլ նաև այս 4 մարզի ընդհանուր մեր պրակտիկայի վրա, պետական կրթական չափորոշչի փոփոխությունը հնարավորություն կտա ավելի բարձր, որակյալ կրթություն ապահովել մեր պարեկների համար
Հունվարի 17-ին՝ Գորիսում, իսկ 18-ին` Եղեգնաձորում ռեֆորմի պատասխանատուները հանրային իրազեկման միջոցառումներ կանցկացնեն, կպատասխանեն բոլոր հուզող հարցերին, իրենց փորձով կկիսվեն արդեն փորձառու պարեկները, կներկայացնեն սպառազինությունն ու տեխնիկական միջոցները, տեղում էլ նոր դիմումներ կընդունեն՝ շարունակում է փոխնախարար Սարգսյանը: Առաջիկայում նույնատիպ միջոցառումներ կլինեն նաև Արարատում և Արմավիրում:
Արփինե Սարգսյան - Ցանկանում եմ հորդորել մեր կանանց՝ մասնակցել այս ընդունելությանը և մասը կազմել այս բարեփոխումների, որովհետև կարծում եմ` կհամաձայնեք, որ կին պարեկների ներգրավումը այսպիսի ծառայություններում հատկապես ավելի բարձր արդյունավետություն է երաշխավորում, ավելի զգոնության մակարդակ է երաշխավորում:
Որոշ գումարտակներում դեռ չի հաջողվել կին պարեկների համար հատկացված բոլոր հաստիքները համալրել: Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջիկայում կին պարեկների համար նախատեսված առանձին ընդունելություններ կլինեն: Ներքին գործերի նախարարությունում նախատեսում են վերջին 4 մարզում պարեկային ծառայության մեկնարկը տալ այս տարվա սեպտեմբերին: