Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է՝ Ադրբեջանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրատապ ծանուցումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե չի կարող առանց հետևանք մնալ. ծանուցմամբ պահանջվում է վերահսկել, որ Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ՄԻԵԴ որոշումը: Այն եվրոպական դատարանը դեռ 2022-ի դեկտեմբերին էր ընդունել: Բաքուն, սակայն, ոչ միայն չի ապաշրջափակել Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը, այլև Հայաստանի՛ դեմ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել: Դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ Բաքվի դեմ կայացրած որոշումը թողնելով անփոփոխ:
Արտակ Զեյնալյան (իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Սրանք դատական ակտեր են, որոնք չեն կարող չունենալ քաղաքական ազդեցություն, քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունենալ չեն կարող: Մեր ուժերը պետք է մոբիլիզացնենք, որ հասնենք այդ ակտերի կատարմանը, Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարմանը:
Զեյնալյանը տեղեկացնում է՝ ՄԻԵԴ-ում սկսվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի գնդահակարության գործով ընդդեմ Ադրբեջանի վարույթը: 2020-ի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած արտադատական մահապատժի այդ դեպքերը միջազգային մեծ արձագանք էին ստացել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում նրանց, ապա՝ սպանում:
Արտակ Զեյնալյան - Առաջիկայում կսկսվի վեճի ընթացքը, փուլը: Հնարավորություն կտրվի գանգատին պատասխան ներկայացնել այն փաստարկներին, որոնք շարադրված են գանգատում, այնուհետև դա կտրամադրվի մեր կողմին՝ դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն աճյունները մինչև հիմա չի վերադարձրել:
Եվրադատարանն օրեր առաջ ծանուցել է «Սարդարյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննության մեկնարկի մասին: 2020-ի ամռանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբն առևանգել էր Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասուններն արոտավայր տարած Նարեկ Սարդարյանին և տեղափոխել Նախիջևան, ենթարկել կտտանքների, այնուհետև դեկտեմբերի 15-ին գերեվարված այլ անձանց հետ ուղարկել Հայաստան: Միջանկյալ միջոց կիրառելու դիմումը ՄԻԵԴ է ներկայացվել դեպքից անմիջապես հետո, ապա ներկայացվել է հիմնական գանգատը:
Արտակ Զեյնալյան - Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև մայիս, որպեսզի պատասխան ներկայացնի գանգատին: Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել ներգրավվել որպես 3-րդ կողմ այդ գործով: Ի տարբերություն մինչև հիմա եղած գործերի՝ նաև ծանուցել է Ադրբեջանին ապացույցների հավաքմանը խոչընդոտելու մասով: Դա Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածն է: Սա շատ կարևոր զարգացում է:
Հայկական կողմի պահանջն է՝ ճանաչել անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, անձնական ազատության, անձեռնմխելիության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման փաստերը: Հիմնավորվել է, որ Ադրբեջանը դրսևորել է ռասիզմ ու խտրականություն: Եվրադատարանում այս գործերին, ըստ Զեյանլյանի, տրվել է առաջնահերթություն: Ինչ վերաբերում է 2022-ի սեպտեմբերի 13-ին Իշխանասարում հայ առնվազն 7 ռազմագերիների գնդակահարությանը, Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչն ընդգծեց՝ դեռևս շարունակվում են հետազոտություններն ու վարույթները:
Արտակ Զեյնալյան - Այլ գնդակահարումներ, արտադատական մահապատիժներ իրականացվել են սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների ընթացքում. այդ գործերով ներգրավված ենք:
Գերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման, սպանության բազմաթիվ այլ գործերով Եվրադատարանի վճիռներն Ադրբեջանը չի կատարում: Դատական ակտերի կատարումը նախարարների կոմիտեի հսկողության տակ է: Վճիռների կատարումն ապահովելու հարցում իրավապաշտպանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը: Նաև հիշեցնում՝ Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի համանման գործեր Եվրադատարանում չկան: