ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Դեղերին մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագիծն ուղղված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելուն։
«Նախատեսվում է տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի տեսչական մարմինը հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված և կեղծ դեղերը»,- ասաց Զեյնալյանը։
Մեկ այլ փոփոխությամբ ստուգման համար 3 օրվա նախօրոք ծանուցումը հանվում է։
«Այդ պայմաններում, երբ տեսուչն այցելում է տնտեսվարող, նա համարվում է արդեն իսկ ծանուցված, և այդ հիմքով տեսչական մարմինն իրականացնում է ստուգում»,- ասաց նա։
Փոփոխվում են նաև տուգանքի չափերը։ Գործող օրենքով՝ մինչև 30 փաթեթ անօրինական ներկրված դեղորայք հայտնաբերելու դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով տուգանք, իսկ 30 փաթեթից ավելիի դեպքում՝ երեքհարյուրհիսունապատիկը։
«Սա չափազանց փոքր տուգանք է, որի արդյունքում անբարեխիղճ տնտեսվարողները հոժարակամ վճարում էին այդ գումարները և շարունակում վաճառել անօրինական դեղորայք։ Փոփոխությամբ նախատեսվում է տուգանքների չափը բարձրացնել։ Մինչև 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում նվազագույն աշխատավարձի հազարապատիկն է առաջարկվում սահմանել, 5 փաթեթից ավելիի դեպքում՝ երկուհազարապատիկը։ Մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու դեպքում լիցենզիան կասեցվում է մինչև 2 ամիս, ևս 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ հայտնաբերելու դեպքում լիցենզիան դադարեցվում է»,- ասաց պատգամավորը։