Ուկրաինան և Եվրամիությունը Կիևին 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին հուշագիր են ստորագրել` Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա նշել է, որ ակնկալում են այս շաբաթ ստանալ 3 միլիարդ եվրոյի տրանշ: Եվրահանձնաժողովի գործադիր նախագահը Թվիթերի իր էջում նույնպես հայտարարել է հուշագրի կնքման մասին՝ հույս հայտնելով, որ դա կօգնի հետագայում պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը:
ԲՈՍՖՈՐԻ ՆԵՂՈՒՑԸ ՓԱԿ Է ՆԱՎԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և հայտնվել ծանծաղուտում: Ստամբուլի առափնյա ոստիկանության վարչությունը հայտնել է, որ նավը ծանծաղուտից դուրս բերելու համար փրկարար նավերն իրականացնում են համապատասխան գործողություններ: Տեղեկացվել է նաև, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար:
ԱԷՄԳ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
ՄԱԿ-ի միջուկային անվտանգության փորձագետների խումբն այսօր առավոտյան ուղևորվել է Ուկրաինա: Twitter-ի իր էջում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին գրել է, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում՝ կանխելու միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ։ Անցյալ շաբաթ գործակալության ղեկավարը հայտնել էր, որ Կիևում ծրագրում է հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ուկրաինայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Գրոսին առաջիկայում մտադիր է այցելել նաև Մոսկվա:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԿՈԶԱ ՆՈՍՏՐԱՅԻ» ՊԱՐԱԳԼՈՒԽԸ
Իտալական ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի՝ «Կոզա նոստրայի» պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյին։ Նա համարվում է երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկը, որը փախուստի մեջ էր արդեն երեք տասնամյակ: Դենարոն հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թվականին մաֆիայի դեմ պայքարող դատախազների սպանությանը մասնակցելու համար։ Նա մեղավոր է ճանաչվել նաև Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների համար:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը: Լամբրեխտի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին լրատվամիջոցների կողմից իր հանդեպ ցուցաբերված ուշադրությունը խանգարել է Գերմանիայի բանակի և անվտանգության ոլորտի բարեփոխումներին նվիրված բանավեճի ծավալմանը: «Զինվորականների և շատ մարդկանց արժեքավոր աշխատանքը պետք է մնա առաջին պլանում։ Ուստի ես որոշում կայացրի հեռանալ պաշտոնից»,- բացատրել է 57-ամյա Լամբրեխտը։ Լամբրեխտն արդեն ամիսներ շարունակ քննադատության թիրախում է: Ընդդիմադիրները նրան մեղադրում են ոչ կոմպետենտության, Բունդեսվերը վերազինելու դանդաղ տեմպերի և անհաջող հանրային ելույթների համար: