ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:
Ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների համատեքստում:
Անդրադարձ կատարելով ՎԶԵԲ-ի դերակատարմանը Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության բարելավման հարցերում՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի` որպես ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակի կարևորությունը։
ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրումը, ինչպես նաև ամրապնդելու ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, կանաչ տնտեսության, քաղաքային միջավայրի բարելավման և երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը: