Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ռուս-թուրքական համագործակցության հետագա համակողմանի զարգացմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Առաջնահերթությունների թվում է եղել փոխգործակցությունն էներգետիկ ոլորտում, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարումը և Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծումը։
Մտքեր են փոխանակվել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի վարչակարգի ապակառուցողական գծի վրա, որը հենվում է արևմտյան հովանավորների աջակցությամբ ռազմական գործողությունների սրման, փոխանցվող զենքի և ռազմական տեխնիկայի ծավալների ավելացման վրա։ ՌԴ նախագահը Կիևի երկերեսանի քաղաքականության օրինակ է համարել ուղղափառ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ կրակը դադարեցնելու առաջարկի մերժումը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
Կողմերը դիտարկել են 2022 թվականի հուլիսի 22-ի Ստամբուլի «փաթեթային» համաձայնագրերի իրականացման առաջընթացը՝ Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ։
Քննարկվել են նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Անկարայի նախաձեռնության համատեքստում խորհրդակցություններ սկսելու հարցը։ Կարևորվել է նաև Աստանայի գործընթացի շրջանակում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքը՝ ուղղված սիրիական կարգավորման աջակցությանը: