ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Պուտինն ու Էրդողանը նշել են, որ երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում է համագործակցությունը էներգետիկ ոլորտում, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարումը և Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծումը։ Նախագահներն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարները կշարունակեն քննարկել գերիների և վիրավորների փոխանակման հարցը։ Պուտինն իր թուրք գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքի և ռազմական տեխնիկայի ծավալների ավելացման փաստի վրա։ Կրեմլի ղեկավարն ընդգծել է նաև Սուրբ Ծննդյան տոներին կրակը դադարեցնելու առաջարկի մերժումը Կիևի կողմից: Նախագահները քննարկել են նաև հացահատիկի գործարքի իրականացման ընթացքը, ուկրաինական հացահատիկի արտահանումը նավահանգիստներից և ռուսական պարենի ու պարարտանյութերի մատակարարման ապաշրջափակումը։ Անդրադարձ է եղել նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ սկսելու Անկարայի նախաձեռնության համատեքստում։
«Նշվել է նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքի գործնական նշանակությունը սիրիական կարգավորմանն ուղղված Աստանայի գործընթացի շրջանակներում»,- ընդգծել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԹՈՒՐՔ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-ից «F-16»-երի գնման հարցին, ինչպես նաև թուրք-հունական հարաբերություններին: Նա, հիշեցնելով, որ հունվարի 17-18-ն այցելելու է ԱՄՆ, շեշտել է, որ ինքնաթիռների ձեռքբերման շուրջ քննարկումներն ավարտվել են, և Պետդեպի կողմից հարցը ոչ պաշտոնական ձևով փոխանցվել է Կոնգրես։
«Բոլոր մակարդակներում համաձայնությունն ապահովված է, սա ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի համար է կարևոր»,- ընդգծել է արտգործնախարարը:
Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությանը՝ Չավուշօղլուն հայտնել է, որ կողմերի միջև հավասարակշռությունը սկսում է խախտվել, և դա նկատելի է նաև Կիպրոսի թուրքական և հունական հատվածներում: Նախարարն ընդգծել է հարցի վերաբերյալ դաշնակից ԱՄՆ-ի ուշադրության կարևորությունը և ավելացրել, որ Թուրքիային չի հետաքրքրում՝ ով ում ինչ զենք է վաճառում, կարևորն այն է, թե Թուրքիայի շահերի պաշտպանության համար ինչպիսի քայլեր են արվում:
18 ՄԼՐԴ ԵՎՐՈ ՄԱԿՐՈՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՄ-ԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ուկրաինան և Եվրամիությունը Կիևին 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին հուշագիր են ստորագրել, Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա նշել է, որ ակնկալում են այս շաբաթ ստանալ 3 միլիարդ եվրոյի տրանշ:
Եվրահանձնաժողովի գործադիր նախագահը Թվիթերի իր էջում նույնպես հայտարարել է հուշագրի կնքման մասին՝ հույս հայտնելով, որ դա կօգնի հետագայում պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼՈՒՄ Է. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Ուկրաինայում պատերազմը վճռորոշ փուլում է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ենս Ստոլտենբերգը կրկին շեշտել է, որ Կիևի ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է, և կարծիք հայտնել, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է նաև, որ որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն էր հնչել նաև Մոսկվայից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն լինի` ինչպես նախկինում էր:
2023-ԻՆ ՀԱՊԿ 3 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում՝ հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալը: Դրանք արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժություններն են:
«Զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերին»,- նշել է Պավել Մուրավեյկոն: