Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի կենսագործունեությանն ու համայնքապետարանի աշխատանքների անխոչընդոտ իրականացմանը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Մեզ համար կարևոր պայման է, որ համայնքային կյանքը չտուժի, արագ և օպերատիվ արձագանք ստանան առաջացած բոլոր հիմնախնդիրները, իհարկե, կան հարցեր, որոնք օրենսդրական կարգավորում ունեն, սակայն կան հարցեր, որոնց լուծումն անհապաղ պետք է տրվի, և դրանց մենք կհասնենք համատեղ աշխատանքով»,- նշել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով համագործակցված աշխատանքն ու թերացումների բացառումը։
Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության համար, ներկայացրել մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ նախկին համայնքապետի պաշտոնավարման ընթացքում մի շարք փաստաթղթերի անճշտություններ կան, որոնք խոչընդոտում են աշխատանքների ներկայիս փուլի ամբողջական իրականացումը։
Քննարկվել են համայնքային զարգացմանը միտված մի շարք ծրագրերի իրականացմանը, ջրամատակարարմանը, միջհամայնքային ճանապարհների նորոգմանը, աղբահանությանը վերաբերող հարցեր, վերջինի ուղղությամբ, ըստ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, արդեն իսկ դրական տեղաշարժեր կան։