Թելման Քասիմով անձը, որն իրենց հատուկ ծառայությունների կամ զինվորական ծառայության ներկայացուցիչ է՝ իր կոչումներով, մեդալներով: Այս անձը ունի որոշակիորեն հիացմունք Ռամիլ Սաֆարովի նկատմամբ, որ առիթը բաց չի թողել նկարվել: Նույն անձին տեսնում ենք կեղծ բնապահպանների ակցիան կառավարելիս:
Քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հետ լուսանկարված ադրբեջանցի գործիչը նույնականացվել է նրա սոցիալական ցանցի տեղեկություններով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հրապարակած արտահերթ զեկույցում բոլոր անձինք են նույնականացվել բաց աղբյուրներով՝ սոցիալական հարթակների, լուսանկարների, անձնական էջերի միջոցով: Պաշտպանների ձեռքին սրանք ևս մեկ փաստ ու ապացույց են, որ Լաչինի միջանցքի շուրջ գործընթացը կառավարվում է պետության մակարդակով:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Թարմ տեղեկություններ ենք վերահաստատել առ այն, որ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ոչ միայն խոսքով խրախուսում են ակցիաները, շրջափակումը, այլև մասնակցում են ակցիաներին, այդ մասին կան ապացույցներ:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները վերջին մեկ ամսում արդեն երրորդ անգամ են արտահերթ զեկույցով բարձրաձայնում են Արցախի շրջափակման հետևանքով մարդկանց ազատ տեղաշարժի, սոցիալական, կրթական, առողջապահական իրավունքների ոտնահարման փաստերի մասին: 120 հազար մարդ զրկված է ազատ տեղաշարժի, 30 հազար երեխա՝ պատշաճ կրթության, կենսապայմանների ապահովման, բուժօգնության իրավունքից: 270 երեխա բաժանված է ընտանիքներից, ծնողներից:
Քրիստիննե Գրիգորյան - Մյուս կարևոր ուղղությունը ադրբեջանական պաշտոնատար անձանց կողմից Արցախի էթնիկ զտման վերաբերյալ վաղ ազդանշաններն են: Սա նշանակում է՝ պաշտոնատար անձանց կողմից այնպիսի հայտարարությունները, որոնք հնարավոր է վերագրել որպես պետության և դրանք վերագրվելու են դատական ատյանների կողմից, որպես պետության քաղաքականության մասին հայտարարություն, որոնք ուղղակիորեն նախանշում են այն նպատակները, որոնք հետապնդում է Ադրբեջանը այս արգելափակմամբ, այն է՝ Արցախի հայաթափումը:
Այդ առումով պարզ ուղերձ էր նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր ուզում են մեկնել: Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված զեկույցը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին: Քրիստիննե Գրիգորյանը հեռավար զրույց է ունեցել նաև Եվրամիության մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ: Պաշտպանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել, որ օր առաջ անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելության ներկայությունը՝ ի թիվս այլ վտանգների, կանխելու էթնիկ զտման Ադրբեջանի առավել հեռուն գնացող գործողությունները:
Քրիստիննե Գրիգորյան - Հանձնակատարն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպական պառլամենտում ամսի 18-ին լինելու է հրատապ քննարկում, որի ձևաչափը ենթադրում է, որ իրենց գործադիր մարմնի՝ հանձնաժողովի ներկայացուցիչները պատասխանելու են պատգամավորների հարցերին: Բոլոր դերակատարներին կոչ եմ անում աջակցել Հայաստանի այն միջնորդություններին, որոնք միտված են իրապես անկախ, թեկուզ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային փաստահավաք առաքելության ուղարկմանը:
Քրիստիննե Գրիգորյանը կապի մեջ է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ: Պաշտպանն առաջարկել է խոսակցություններ սկսել փաստահավաք առաքելության կազմակերպման հնարավորությունների մասին: