Հանրապետության քարտեզի վրա գունավորումով նշված է երկրի գյուղատնտեսական հողերի մեխանիկական կազմը: Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը 2022-ին 85 գյուղում ավարտել է հողերի ագրոքիմիական հետազոտությունը: Հողերի կալիումական, ազոտական և ֆոսֆորային պարարտացումը, պարզվում է, հաճախ անկանոն է արվում:
Գառնիկ Հովհաննիսյան (ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Համակարգում այդ համայնքների մասին ամբողջ տեղեկատվությունը առկա է, կարող է ցանկացած ներդնող կամ գյուղացի մտնի և տեսնի իր հողի հագեցվածության աստիճանը:
Համայնքների հողերի մեխանիկական կազմը հինգ տարին մեկ կարող է փոփոխվել՝ ասում է կենտրոնի ղեկավարը: Կան հողեր, որտեղ ազոտի, ֆոսֆորի կամ, ասենք՝ կալիումի քանակը կարող է գերազանցել թույլատրելի չափաքանակը: Քարտեզներին ծանոթանալու գործընթացը հեշտացնելու համար, բացի կայքում տեղադրելուց, ագրոքիմիական քարտեզագրման մեկ տարբերակ էլ փոխանցվում է համայնքապետարաններին:
Գառնիկ Հովհաննիսյան - Քարտեզները ուսումնասիրելուց արդեն նաև կարող են հասկանալ՝ պետք է ազոտակա՞ն պարարտանյութ տան, կալիո՞ւմ, թե՞ ֆոսֆոր, ինչով է աղքատ իրենց հողը, ինչով պետք է հարստացնեն:
85 գյուղում առկա մոտ 39.5 հազար հեկտար հողատարածքի ագրոքիմիական տեսքն արդեն քարտեզագրված է: Գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ դրանց ծանոթանալը կնվազեցնի նաև պարարտացման ծախսերը՝ ասում է կենտրոնի ղեկավարը:
Գառնիկ Հովհաննիսյան - Եթե պետք է տան 300-400 կիլոգրամ պարարտանյութ, տալիս են երեք-չորս անգամ շատ:
Ըստ մասնագետների՝ որևէ պարարտանյութով գերհագեցած հողը ևս չի կարող ապահովել բերքի ցանկալի քանակ և որակ: