Կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներով և փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարևորագույն խնդիր: Առաջինը ռազմական խաղերի կարևորությունն ընդգծելն է: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով՝ դրանք հեղինակավոր մրցումներ են, որին երբեմն մասնակցում է մինչև 200 երկիր. օլիմպիական խաղերից հետո ամենամասսայական մրցումներն են: Փոխնախարարը պարզաբանել է, որ բանակային խաղերն ընդգրկված չեն միանգամյա պարգևավճար ստացող միջոցառումների ցանկում, և հավաքականները պարբերաբար բանակային խաղերին ուղարկում են երկրորդ, երրորդ համարներին՝ ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին պատրաստելու և մասնակցելու համար: «Կարծում ենք, որ 200 երկրի մասնակցությամբ անցկացվող խաղերին պետք է առաջին համարները մասնակցեն, և դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները շահագրգռված լինեն՝ մասնակցելու այդ խաղերին»,- ասել է նա: Այս համատեքստում առաջարկվում է այդ խաղերը ևս ներառել պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում: Մարզիկները հաջողության դեպքում բանակային խաղերից կստանան պարգևավճար, ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ուսանողական կամ օլիմպիական խաղերից են ստանում:
Հաջորդ կարգավորմամբ լիազորող նորմ է ստեղծվում, որը հնարավորություն կտա Կառավարությանն ավելի հեշտ իրականացնել ծրագրերը: Նա պարզաբանել է, որ, օրինակ, անցած տարի իրականացված «Փարիզ 24» ծրագրով լրացուցիչ վարձատրություն կամ նպաստ է նշանակվել մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների գլխավոր և ավագ մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: «Սրա շնորհիվ էր նաև, որ շռնդալից հաջողություններ ունեցանք, և 307 մեդալ նվաճեցին մեր մարզիկները պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Այդ լիազորող նորմը թույլ կտա ավելի շատ իրականացնել նման ծրագրեր»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հաջորդ փոփոխությամբ էլ տարեկան ծրագրերը կհաստատվեն ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ լիազոր մարմնի կողմից: