Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա:
««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի` հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով` ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնել է առաջարկվող կարգավորումները:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն կան ոլորտի խնդիրների վերաբերյալ արձանագրումներ, մասնավորապես, աստիճանների թեքահարթակների բացակայության, զուգարանները լոգարաններից առանձնացված չլինելու, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված: Փոխնախարարի գնահատմամբ՝ Կառավարության որոշումն առիթ է` վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և սահմանելու նոր չափորոշիչներ:
Առաջարկվում է Կառավարության որոշումն ընդունել օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում: «Վերագնահատումներ են իրականացվում, և սա բավարար ժամանակահատված է` իրականացնելու առկա կարիքների և նոր չափորոշիչների գնահատում, ինչը պետք է արձանագրվի Կառավարության որոշման շրջանակում»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` այս խնդիրները մինչ այժմ ինչպե՞ս են կարգավորվել, և որոշ չափորոշիչներ ոչ միայն Կառավարության որոշմամբ, այլ նաև օրենքով ամրագրելու կարիք կա՞: Փոխնախարարը պարզաբանել է, որ մինչ 2022 թ. օգոստոսի 4-ն այդ կարգավորումները որոշակիորեն եղել են Կառավարության որոշման մակարդակում, բայց այսօր կարիք կա ավելի ամբողջական դրանք ներկայացնելու և հաստատելու Կառավարության համապատասխան որոշմամբ: Նշվել է, որ որոշ արձանագրումների համաձայն` ձերբակալված անձանց պահման վայրերը դեռևս չեն համապատասխանում ակնկալվող չափանիշներին:
«Ինչ վերաբերում է օրենքի մակարդակով ամրագրմանը, ապա Կառավարության որոշումը կազմակերպատեխնիկական բնույթի հարցեր է կարգավորելու: Օրենքով ամրագրված է, որ կալանավորները, ձերբակալվածները և դատապարտյալներն արժանապատիվ կենսապայմանների ապահովման իրավունք ունեն` որպես հիմնական իրավունք: Սա թույլ է տալիս հիմնարար իրավունքից հետո Կառավարության որոշմամբ դետալները նախատեսել»,- ընդգծել է փոխնախարարը:
Զարուհի Բաթոյանը կարևորել է ոլորտում վերահսկողական մեխանիզմների կիրառումը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի բժշկական ծառայության պատշաճ իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ձերբակալված և կալանավորված անձանց խցերին կից բժշկական ծառայություններ ունենալու կարևորությանը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ շենքային պայմանները ոչ այնքան բավարար են, և հաճախ բժշկական զննության սենյակները համատեղվում են այլ գործողությունների կատարման սենյակների հետ: «Մեր խնդիրն է լինելու հստակ տարանջատել այս գործողությունը մնացյալ գործառույթներից, որ կարողանանք բարձր մակարդակով ապահովել բժշկական զննությունը և այլ խնդիրների հասցեականությունը»,- փաստել է նա:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկվող կարգավորումը: