2023 թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ է ներկայացված:
***
Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:
***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու: Հարկ է նշել, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով:
***
Քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ: Նախագիծը մեկնարկել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից:
***
Համայնքային ավտոբուսային հավաքակայանը շարունակում է համալրվել նոր շարժակազմով: 36 միավոր MAN և 120 միավոր Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:
***
Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Ծրագրի մրցույթն արդեն կայացել է:
***
Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: