Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որը մարզում էր աշխատանքային այցով։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Ողջունելով դեսպանին՝ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեց մարզպետարանի և դեսպանատան համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու։ Նա նաև ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ մարզպետարանի և Նիդերլանդների դեսպանության միջև նախորդ տարիներին ևս փոխգործակցություն է եղել։
Խոսելով Արագածոտնի մարզի զբոսաշրջային գրավչության մասին՝ Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ ինքը հաճախ է այցելում Արագածոտն՝ վայելելու լեռնային գեղեցկությունը։
Համագործակցության հեռանկարները քննարկելիս երկուստեք ներկայացվեցին աշխատանքային առաջնահերթությունները, ուրվագծվեցին համագործակցության նոր ոլորտները։
Մարզպետը դեսպանի ուշադրությանը ներկայացրեց մարզում առավել մրցունակ ոլորտները՝ գյուղատնտեսության, գինեգործության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և այլն, որին ի պատասխան, Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ նիդերլանդացի զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գինին և քննարկման ներկայացրեց մարզում արտադրվող գինիները Նիդերլանդներ արտահանելու հնարավորությունները։
Դեսպանն իր խոսքում ընդգծեց՝ Արագածոտնը մեծ ռեսուրսներ ու հեռանկարներ ունեցող մարզ է։
Երկխոսության առանցքային թեմաներից էին օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, հասարակության մեջ կանանց դերի վերաիմաստավորմանը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցերը։ Թե՛ մարզպետը, թե՛ դեսպանը կարևորեցին նշված թեմաների շրջանակում միջոցառումների իրականացումը։
Հանդիպումն անցավ գործնական քայլերի դիտարկմամբ, փոխգործակցությունն ամրապնդելու վճռականությամբ»,- նշված է գրառման մեջ։