ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նպատակն է ամբողջությամբ վերանայել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը և այն համապատասխանեցնել գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին։
«Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,- ասաց Հարությունյանը։
Նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք պարունակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Միաժամանակ, վարչական պատասխանատվություն է նախատեսվում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ սահմանափակումները խախտելու համար։