Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը:
Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։
Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը: