Իտալիայում 95 տարեկանում մահացել է դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։
Դերասանուհին կինոյում աշխատել է 1940-ականներից և հայտնի է դարձել 60-70-ականների աշխարհահռչակ ռեժիսորների ֆիլմերում։ Հայ հանդիսատեսին նա հայտնի է «Ֆանֆան վարդակակաչը» (1952) և «Փարիզի աստվածամոր տաճարը» (1956) ֆիլմերում խաղացած դերերով:
Ընդհանուր առմամբ, ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Լոլոբրիջիդան նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում և հեռուստատեսային ֆիլմերում: Երբ դերերի առաջարկները նվազեցին, դերասանուհին սկսեց զբաղվել լուսանկարչությամբ ու քանդակագործությամբ, կազմակերպում էր իր աշխատանքների ցուցահանդեսներ։ Նրան հաջողվել է հարցազրույց և ֆոտոշարք անցկացնել Ֆիդել Կաստրոյի հետ։
Մինչև կյանքի վերջին տարիները Ջինա Լոլոբրիջիդան իտալական քաղաքական կյանքի ակտիվ մասնակից էր, փորձել է ընտրվել Եվրախորհրդարանում և Իտալիայի Սենատում։
Դերասանուհն պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով, ինչպես նաև եղել է «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ։
2018 թվականին Ջինա Լոլոբրիջիդան աստղ է ստացել Լոս Անջելեսի Հոլիվուդի Փառքի ծառուղում։