Պալերմոյում ձերբակալվել է Մատեո Մեսինա Դենարոն, որը համարվում է սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր կազմակերպության ղեկավարը, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ 60-ամյա մաֆիայի առաջնորդի ձերբակալությունը տեղի է ունեցել կլինիկայում, որտեղ նա բուժվում էր։ Ըստ իտալական մամուլի՝ իրավապահները ձերբակալել են Դենարոյին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ձերբակալության ժամանակ ներգրավված է եղել մոտ 100 զինվոր։
Մեսինա Դենարոն երեսուն տարի խուսափում է իտալական արդարադատությունից։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա ամբողջովին փոխել է իր արտաքին տեսքը ՝ կատարելով պլաստիկ վիրահատություն։ Դենարոն հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թվականին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությունների համար, ինչպես նաև Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների գործով, որոնց ժամանակ 10 մարդ է մահացել:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Դենարոյի կատարած հանցագործությունների թվում է 1993 թվականին 12-ամյա Ջուզեպպե Դի Մատեոյի առևանգումն ու սպանությունը։ Տղան մաֆիայի նախկին անդամ Սանտինո դե Մատեոյի որդին էր, որը որոշել էր համագործակցել իշխանությունների հետ։