ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԴՐԱԿԱՆ Է. ՊՈՒՏԻՆ
Ուկրաինայում ռազմական գործողությունների դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում՝ հայտարարել է ՌԴ նախագահը: «Ես հույս ունեմ, որ մեր մարտիկները մեկ անգամ չէ, որ մեզ ուրախանալու առիթ կտան ռազմական գործողությունների շրջանակներում»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Խոսելով Ռուսաստանի տնտեսության մասին՝ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ իր երկրի տնտեսությունը կայուն է՝ կանխատեսվածից շատ ավելի լավ վիճակում: Պուտինն ընդգծել է, որ դա ակնհայտ է մակրոտնտեսական բոլոր ցուցանիշներում։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼՈՒՄ Է. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Ուկրաինայում պատերազմը վճռորոշ փուլում է`հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ենս Ստոլտենբերգը կրկին շեշտել է, որ Կիևի ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է, և կարծիք հայտնել, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Հյուսիսատլանտյան դաշինք ղեկավարը նշել է նաև, որ որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն էր հնչել նաև Մոսկվայից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն լինի ինչպես նախկինում էր:
ՄԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ. ԷՐԴՈՂԱՆ
Մինչ բոլորը հարձակվել են Ռուսաստանի վրա՝ մենք պահպանում ենք հարաբերությունները պարոն Պուտինի հետ, ինչպես նախկինում էր՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Անկարան ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Թայիփ Էրդողանը հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարի առաջարկը՝ անվճար պարենամթերք ուղարկել կարիքավոր երկրներ։
Երեկ Էրդողանն անդրադարձել է նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության թեմային: Էրդողանը հիշեցրել է Անկարայի պահանջը՝ որպեսզի Թուրքիան հաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երկրները պետք է արտահանձնեն 130 անձի, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչ: Այնինչ, Էրդողանի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվում են կատարել Անկարայի պահանջը:
2023-ԻՆ ՀԱՊԿ ԵՐԵՔ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում՝ հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալը: Դրանք արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժություններն են: «Զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերին»,- նշել է Պավել Մուրավեյկոն:
ԻՐԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՒ-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
Որպես ռազմական պատվերի մի մաս՝ մարտին ռուսական Սու-35 կործանիչները կհասնեն Իրան՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին: Նա հավելել է, որ շուտով երկիրը կստանա նաև ռուսական այլ զինատեսակներ, այդ թվում՝ պաշտպանական համակարգեր, հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ։