ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Մտքերի փոխանակության ձևաչափով շարունակվել են ԿԳՄՍ բարեփոխումների վերաբերյալ զեկուցումները:
Քննարկման առարկա են դարձել սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, գրահրատարակչության և գրադարանային քաղաքականության, մշակութային և գեղարվեստական կրթության, հուշարձանների պահպանության, մշակութային հաստատությունների կառավարման ոլորտների բարեփոխումները:
Վարչապետը, անդրադառնալով սպորտի բնագավառին, հանձնարարել է պատշաճ կազմակերպել «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստումը՝ կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզական ֆեդերացիաների միջև համագործակցությունը:
Պետական ծրագրերի ծախսարդյունավետությունը բարձրացնելու համատեքստում Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ոլորտում կատարվող ներդրումների գույքագրումն ու մարզական կառույցների գործունեության հաշվետվողականության ապահովումը:
Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է դիտարկել ներդրումային ծրագրերում սպորտային կրթության բաղադրիչի ներառման հարցը՝ հատկապես մարզերի դպրոցներում, ինչպես նաև 2023 թ. Հայաստանում անցկացվելիք միջազգային սպորտային մրցաշարերի նախապատրաստման գործում ներգրավվել Զբոսաշրջության կոմիտեին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրահրատարակչական և գրադարանային պետական քաղաքականությանը և առաջարկել ներկայացնել գործող մեխանիզմների լավարկման տարբերակներ՝ ներառելով թվայնացումը: Վարչապետը հանձնարարել է մշակել կառավարման այնպիսի մոդել, որը կխթանի գրահրատարակչություն-գրադարաններ-կրթամշակութային կյանքի աշխուժացումը հանրապետությունում, այդ թվում դիտարկելով պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի կիրառումը:
Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մշակութային և կրթական բովանդակության կարևորության վրա, որոնք ձևավորում են ազգի մշակութային ինքնությունը և հանձնարարել մշակույթի ոլորտի ռազմավարության մեջ մանրակրկտորեն արտացոլել ազգագրության ոլորտի ուսումնասիրությունները:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակութային պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի մարդուն ամենօրյա կտրվածքով մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն, համապատասխան միջավայրի ձևավորմանը, և պետք է իրականացվեն հենց այս տրամաբանությամբ ծրագրեր:
Վարչապետը հանձնարարել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման միջոցառումների շրջանակում իրականացնել ոչ միայն վերականգնման, այլև զարգացման ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մշակութային կազմակերպությունների կառավարման համակարգի արդիականացումը և, մասնավորապես, ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը: