Էմմա Ալեքսանյան (Ադրբեջանից բռնագաղթած) - Սա ուրախություն չէ, սա մեծ ուրախություն է, որ ձեռք եմ բերել բնակարան: Այնտեղ ոչ մի պայման չկար՝ ընդհանուր օգտագործման սանհանգույց, մեկ սենյակ, հիմա՝ ազատ, երկու սենյակ, սանհանգույց, խոհանոց, այն, ինչ պետք է ապրելու համար:
33 տարի անց Էմմա Ալեքսանյանի երազանքն իրականացել է: Բաքվի ջարդերի ականատեսը Ադրբեջանից բռնագաղթելուց հետո մոր ու եղբոր հետ ապրում էր Երևանի հանրակացարաններից մեկում: Մայրն ու եղբայրն արդեն չկան: Բռնի տեղահանության հիշողությունները թարմանում են հատկապես այս օրերին՝ Բաքվում հայերի ջարդի տարելիցին:
Էմմա Ալեքսանյան - Աշխատանքի վայրում գործընկերներս գաղտնի, իրար հետ շշուկով ինչ-որ բան էին խոսում. այդ ժամանակ չգիտեի՝ ինչ է կատարվում: Ղեկավարս ասաց՝ Էմմա, եթե քեզ աշխատանքից չազատեմ, ինձ կսպանեն: Մեզ նավով են տեղափոխել Կրասնովոդսկ, այնտեղից էլ՝ Հայաստան:
Զարմուհուս՝ Նինային և նրա մորաքրոջը կողոպտել ու սպանել էին:
Պետության տրամադրած գնման վկայագրով բնակարան փնտրելիս տիկին Էմմային օգնել է Արուս Աթանեսյանը՝ Միգրացիոն ծառայության սոցիալական աշխատողների խմբի ղեկավարը:
Ընտանիքներին հաշվառելիս նրանք են առաջինը թակել դուռը և տեղեկացրել բնակապահովման պետական ծրագրի մասին, ապա նաև՝ օգնել գտնել հարմար բնակարան:
Արուս Աթանեսյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության սոցիալական աշխատողների աջակցող խմբի ղեկավար) - Իրենք չէին հավատում, որ վերջապես 30 տարի հետո կիրականացվի այս ծրագիրը: Նույնիսկ փաստը, որ եկել էին սերտիֆիկատ ստանան, էդ ժամանակ էլ իրենք չէին հավատում, որ վերջապես ստացվել է, 30 տարի հետո իրենք կստանան իրենց բնակարանի գնման վկայագրերը:
Շենքերը, որոնցում ավելի քան 3 տասնամյակ ապրեցին Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքները, գրեթե դատարկվում են: 2023-ին կամփոփվի Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների բնակապահովման ծրագրի վերջին փուլը, որի համար Կառավարությունը հատկացրել է 1.4 մլրդ դրամ:
Արմեն Ղազարյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ) - Ընթացքում ավարտվեց մարզերում նաև հաշվառումը, և մենք ունեցանք 194 հավակնորդ ընտանիքներ, որոնք կարող են դառնալ ծրագրի շահառուներ: Նրանք արդեն դիմումների ներկայացմանը զուգահեռ կծանուցվեն, որ շահառու են: Դրանով Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում ապրող փախստական ընտանիքների բնակապահովման ծրագիրն ամբողջությամբ ավարտված կլինի:
Ղազարյանը հիշեցնում է՝ փախստական ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին որոշումը ընդունվել է 2004-ին, 2006-08-ին մասնակի իրականացվել՝ մարզերում: 2019-ին վերսկսված ծրագիրը փաստացի մեկնարկել է 2020-ին: Երևանում բնակարանի գնման վկայագիր ստացել է 270 ընտանիք. 218-ը արդեն գնել են բնակարան: Տուն գտնել, գնելու համար շահառուները մեկ տարի ժամանակ ունեն: Ընտանիքի անդամների թվով պայմանավորված՝ բնակարանի գնման վկայագրի համար Կառավարությունը հատկացնում է 12-21 միլիոն դրամ: Ծրագրի արդյունքում մոտ 400 ընտանիք կունենա սեփական տանիք: Ծրագրի ամբողջ բյուջեն մոտ 4 մլրդ դրամ է:
Արմեն Ղազարյան - Բոլոր շահառուները ծանուցվել են, հիմա ընդունում ենք դիմումները, ավարտը մոտ հունվարի ավարտն է: Հունվարի վերջին մենք կունենանք կոնկրետ դիմումների քանակը, և փետրվարի վերջին կսկսվեն հատկացումները:
2013-ի հաշվառմամբ՝ բնակարանի կարիք ուներ ժամանակավոր կացարանում ապրող 900 ընտանիք: Ծրագրի հավակնորդ շահառուների թիվը Երևանում մոտ 450-ն էր: Երբեմն անձինք հրաժարվել են մասնակցել ծրագրին՝ նշելով, որ ցանկանում են ժամանակավոր կացարանը վերածել մշտականի կամ արդեն սեփականաշնորհած կացարանը վաճառել:
Արուս Աթանեսյան - Մենք կատարել ենք նաև ուսումնասիրություններ շահառու ընտանիքների: Պարզվեց, որ 2013, 2009, 2008 թվականների ուսումնասիրության արդյունքը փոխվել էր: Ավելացել էին մահերը, մենք փորձեցինք անդրադառնալ այն շահառուներին, որոնք ունեն բնակարանային խնդիր:
Դժգոհություններ, ըստ Ղազարյանի, եղել են անշարժ գույքի շուկայի գների ու ԲԳՎ-ների արժեքի հետ կապված: Ըստ Միգրացիոն ծառայության պետի՝ վկայագրի արժեքը հաշվարկվել է Երևանում ընդունված՝ միջինացված Ավան վարչական շրջանի 1 քմ-ի շուկայականին մոտ կադաստրային արժեքը՝ նախորդ կիսամյակի հաշվարկով:
Արմեն Ղազարյան - Շատ դեպքեր են եղել, երբ շահառուն՝ Երևանում ստացած բնակարանի գնման վկայագրով անձինք, երևանամերձ մարզերում են ձեռք բերել բնակելի տուն՝ հողատարածքով: Դա ոգևորիչ հանգամանք է: Միաժամանակ, ավելորդ ներքին միգրացիոն հոսքերը կանխարգելելու համար փոխել ենք կարգը, որ անձինք մարզերում ձեռք բերեն միայն տվյալ մարզում:
Էմմա Ալեքսանյան - Չէի մտածում, որ կարող եմ ձեռք բերել նոր բնակարան՝ հատկապես 2020-ի պատերազմի, Արցախի շրջափակման այս պայմաններում:
Բնակարանամուտը տիկին Էմման դիմավորում է անցյալի ծանր հուշերով, բայց մաղթանքով ու հույսով, որ 2023-ին խաղաղություն կհաստատվի: