Տարիներ շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն հաղորդում են Ուկրաինայում ԱՄՆ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաների մասին՝ շեշտելով, որ նման կառույցներ գործում են նաև հետխորհրդային այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
2022-ի հունվարին պատրաստված՝ այսպես կոչված «բիոլաբորատորիաների» մասին պատմող տեսանյութը սկսեց նորից շրջանառվել նախորդ շաբաթ՝ ռուսական պետական հեռուստաալիքով:
Այդ ֆիլմում ասվում է, թե հետխորհրդային մի քանի պետություններում ԱՄՆ-ն ստեղծել է լաբորատորիաներ, որտեղ ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ իբր կենսաբանական զենք է մշակվում: Ներգրավված փորձագետը հավաստիացնում է, թե կոնկրետ Հայաստանի տարածքում փորձարկումներն իրականացվում են բրուցելոզի, սիբրիրյան խոցի հարուցիչների միջոցով և կարող են շարքից հանել գյուղատնտեսությունը: Նույն փորձագետը հավաստիացնում է, որ նման լաբորատորիաներ ունեցող պետությունները 2-3 տարում ամբողջությամբ կորցնում են ինքնիշխանությունը և փաստացի գաղութացվում:
Հիմա հնչեցված թեզերի մասին հերթով.
Հայաստանում ամերիկյան լաբորատորիաներ չեն ստեղծվել, նախկին սանէպիդկայանների լաբորատորիաները պարզապես վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ: Ընդ որում՝ դեռ 2016 թվականից ու գործում են արդեն 7 տարի:
Լիլիթ Ավետիսյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան) - «Բիոլաբորատորիա» հասկացություն գոյություն չունի, ամեն մի լաբորատորիա, որ աշխատում է ախտածին գործոնի հետ, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, ինչպես այս մեկն է:
Այս դարպասներից ներս ինչ է կատարվում, ովքեր են աշխատում և ինչ են ախտորոշում: Ռուսական թեզերում շրջանառվող այս հարցերի պատասխանների հետևից ենք գնում: Երևանում գտնվող «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնն» է՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Բակում Ռուսաստանի նվիրած շարժական լաբորատորիաներն են կանգնած:
Արտավազդ Վանյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն) - Վերջին 10 տարիներին 3 շարժական լաբորատորիա են ստացել ՌԴ-ից, որը շատ կարևոր է դաշտային աշխատանքների ժամանակ, հատկապես վերջինը լուրջ հագեցվածություն ունի, դա ստացել ենք մոտ 2 տարի առաջ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ ենք մուտք գործել տարածք, ինչպես բոլոր լաբորատորիաների դեպքում՝ համապատասխան արտահագուստ կրելով: Վանյանի հավաստմամբ` այս լաբորատորիան նույն ծառայություններն է մատուցում, ինչ ժամանակին սանէպիդկայանները:
Արտավազդ Վանյան - Բոլոր երկրներում այս ծառայությունը կա, Հայաստանում այս ծառայության 100-ամյակն է այս տարի, անցած տարի ՌԴ-ում էր: Որևէ նոր լաբորատոր գործունեություն ձևավորված չի:
Պարզապես նույն տարածքում գտնվող հին լաբորատորիաների շենքերը նորոգվել են, սարքավորումները՝ թարմացվել: Օրինակ` Երևանի այս լաբորատորիան 2016-ին է նորոգվել՝ Պենտագոնի ֆինանսավորմամբ: Նույն թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության աջակցությամբ վերազինվել են Իջևանի և Գյումրիի լաբորատորիաները։ 2017 թ. վերակառուցվել ու վերազինվել է ևս երեք լաբորատորիա՝ Մարտունիում, Կապանում և Վանաձորում։ Արտավազդ Վանյանը տեղեկացնում է՝ այս տարի էլ նախատեսում են ևս 2-ը վերազինել, բայց արդեն ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի հիմնադիրները ՀԱՊԿ անդամ երկրներն են:
Արտավազդ Վանյան - Այս տարի վերազինման գործընթացը լինելու է 2 մարզում՝ Արմավիրի և Արարատի մարզում, հիմնական աջակցությունը, որը լինելու է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, ճիշտ նույն ձև, ինչպես մյուս 5 լաբորատորիաներն են:
Չնայած այսպիսի ակտիվ գործակցությանը՝ ռուսաստանյան պաշտոնական ու փորձագիտական շրջանակներում շարունակաբար բարձրաձայնվում է, թե Հայաստանում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ: Հայաստանում ՌԴ դեսպանությունը նախորդ տարի էլ հայտարարել էր, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ: 2022-ի հունիսի 27-ին առցանց ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ, և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում:
2018-2020 թվականներին այդ հարցն իսկապես քննարկման առարկա էր դարձել երկկողմ հարաբերություններում:
Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018 թ. վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր՝ «ռուս մասնագետներին երբևէ չի արգելվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»:
Մոսկվայի բարձրացրած հարցերին 2019-ի նոյեմբերին անդրադարձել էր նաև այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում: Նշել՝ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի գործակցության հարցում: Այդ կառույցները հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ, դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են, նշել էր դեսպանը:
Արդեն 2021 թ. մայիսի 6-ին Հայաստանն ու Ռուսաստանը երկար քննարկված հուշագիր ստորագրեցին՝ փաստացի փակելով թեման: Հուշագրով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման կազմակերպում: Վանյանն ընդգծում է՝ մինչև հուշագիրն էլ ռուս գործընկերների հետ փորձի փոխանակում, քննարկումներ եղել են:
Արտավազդ Վանյան - Ռուս գործընկերների աջակցության տիկին Պոպովայի ղեկավարությամբ կարողացանք հագեցնել քիմիական լաբորատորիան վերջին սարքավորումներով, ու այսօր լայն սպեկտրի հետազոտություններ է անում այդ լաբորատորիան:
Գործակցում են Ռուսաստանի տարբեր ինստիտուտների հետ, օրինակ՝ Ստավրոպոլի, Սարատովի, շարունակում է Վանյանը, մանրամասնում է՝ համաճարակաբանության տեսանկյունից ամենալարված փուլում՝ կորոնավիրուսի ժամանակ՝ ռուս գործընկերներն են մասնագիտական աջակցություն ցույց տվել:
Կորոնավիրուսի ախտորոշումից մինչև այսօր ակտիվ շրջանառվող վիրուսներ՝ համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը լաբորատորիայի գործառույթներն է ներկայացանում:
Կեղծ թեզերից մեկն էլ այն է, որ այս լաբորատորիաներում աշխատակիցները հայեր չեն:
Լիլիթ Ավետիսյան - Լաբորատորիա հետազոտական նպատակով մուտք գործել են միայն ռուս մասնագետներ ու մեր հայերի հետ փորձեր են արել, Միացյալ Նահանգների մասնագետները երբեք չեն մտել:
Շիրակի մարզ, Գյումրի: 2016-ին շենքային պայմանները բարեկարգվեցին, լաբորատորիան վերազինվեց: Տնօրենն է ներկայացնում. «Առաջին հարկում մանրէաբանական, մակաբուծական լաբորատորիան է»:
Ի տարբերություն երևանյան կենտրոնի՝ Գյումրիում ԱՄՆ-ից մասնագետներ եղել են, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանից և եվրոպական երկրներից:
Վարդան Ուռուտյան (ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն) - Մենք նախկինում էլ ենք աշխատել, հիմա էլ, ուղղակի հիմա ուրախալին որն ա, որ ունենք այսպիսի սարքավորումներ ու լավ շենք ու ավելի որակով նույն ծառայությունը կմատուցենք:
Ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ շարունակելու են գործակցությունը միջազգային բոլոր գործընկերների հետ: Թե՛ Ամերիկայի ֆինանսավորմամբ արդեն վերազինված 6 լաբորատորիաների, թե՛ այս տարի Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ նորոգման սպասող լաբորատորիաների նպատակը Հայաստանում հիվանդությունների վերահսկման հնարավորությունների ընդլայնումն է, որպեսզի թե՛ մարդկային, թե՛ կենդանական վարակների հետագա բռնկումն արագ կանխվի։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան