Հունվարի 20-ից Արցախում պետպահուստից հատկացվող պարենը կտրոններով բաշխելու նպատակը դեֆիցիտի բացառումն է: Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարն ասում է՝ ծրագիրը մշակել են տարբեր ճգնաժամային իրավիճակների համար:
Արմեն Մանգասարյան (Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար) - Աշխատանքների մեկնարկը այս ամենի սկսվելու է ամսի 17-ից, ամսի 20-ից արդեն կտրոնային համակարգը կսկսի գործել: Դա չի նշանակում, թե մինչև ամսի 17-ը կամ 20-ը ճանապարհը փակ կլինի: Սա մի այնպիսի ծրագիր է, որ եթե վաղը կամ մյուս օրը ֆորսմաժորային իրավիճակ լինի, և նորից նման խնդրի առջև կանգնենք, պատրաստի տվյալների բազա ունենանք, և այդ նույն պահին համակարգը գործի դնենք և անցնենք կտրոնային համակարգի:
Դեկտեմբերի 12-ից՝ Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհն ադրբեջանցի բնապահպաններով խցանվելուց ի վեր, Ստեփանակերտում հաշված ապրանքներ են մնացել: Կտրոնների ներդրմամբ քաղաքացուն չի թույլատրվի սահմանված նորմայից շատ մթերք գնել: Միայն Ստեփանակերտում 19 սպասարկման կետ է գործելու:
Գոհար Պողոսյան (Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ) - Խմբաքանակը տրամադրվելու է անձին՝ կտրոնը ձեռք բերելուց հետո, որի դեպքում անձը կարող է դիմել տնտեսվարող սուբյեկտին և կտրոնում նշված չափով ձեռք բերել տվյալ սննդամթերքը:
Ադրբեջանական շրջափակումը հատկապես դժվար են հաղթահարում փոքր երեխաներ ունեցող ընտանիքները: Սուր է մինչև մեկ տարեկանների սննդի հարցը: Խանութներում նաև միրգ ու բանջարեղեն չկա, իսկ քառամյա Դանիելը խնձոր շատ է սիրում:
Տաթևիկ Խաչատրյան (Ստեփանակերտի բնակիչ) - Դժվար է այնքանով, երբ երեխադ քեզնից խնձոր է ուզում ամենասովորական, ու դու չես կարողանում բացատրել, թե ինչու միշտ կար, իսկ հիմա այլևս չկա: Այդ առումով հոգեբանորեն դժվար է, բայց ինչ անենք, փորձում ենք հնարավորինս մեկ այլ ասպեկտում այդ բացը լրացնել: Այսինքն՝ ավելի շատ խաղալ նրա հետ, ավելի ուշադրություն դարձնել:
Երիտասարդ ընտանիքի սեղանին ավելացել է վաղուց մոռացված լամպը: Հունվարի 9-ից Գորիս-Ստեփանակերտ էլեկտրական գծի վնասման պատճառով Արցախում հովհարային անջատումներ են՝ օրական երկու ժամով:
Տաթևիկ Խաչատրյան - Ես՝ որպես մայրիկ, որպես հասարակության մի անդամ, փորձում եմ իրավիճակը իմ ձևով լուծել՝ ես խնայողաբար եմ էլեկտրաէներգիան օգտագործում:
Խաչատրյան ամուսինները դեռ պարենի համար հերթերում չեն կանգնել, բայց կարծում են, որ կտրոնային համակարգով խնդիրն ավելի հեշտ լուծում կստանա: Հանրային մտահոգությանը, թե խանութները պահանջարկ ունեցող ապրանքները կարող է վաճառեն ծանոթներին կամ ամբողջությամբ չդնեն ցուցափեղկում, Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարը պատասխանում է՝ օպերատիվ շտաբն ունի թեժ գիծ:
Արմեն Մանգասարյան - Կխնդրենք, որ քաղաքացին տեղյակ պահի, և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջոցով, մեր աշխատակիցների միջոցով կհետաքրքրվենք, կֆիքսենք նրա՝ այդ պահին ունեցած կտրոնների թիվը և նրան տրամադրված ապրանքի քանակը: Եթե, ասենք, մեկ տոննա շաքարավազ է տրամադրվել, և այս պահին նրա մոտ կա 300 կիլոգրամի կտրոն, ուրեմն նա ստում է:
Կտրոնային համակարգով մթերքի բաշխումը չի նշանակում, թե քաղաքացին չի վճարելու ձեթի, շաքարավազի կամ մակարոնեղենի համար: Պարզապես կփորձեն եղած ապրանքը հավասարության սկզբունքով բաշխել քաղաքացիներին՝ վստահեցնում են ծրագրի պատասխանատուները: